Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը քննելու է «Իրավունք» թերթի դեմ հայցը՝ նույնասեռականների վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
media-4

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է քննել  «Մինասյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը: Հայցը վերաբերում է  2014 թվականին «Իրավունք» թերթում  հրապարակված՝ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածին,  որտեղ թերթը ներկայացնում է 60 անձից բաղկացած «սեւ ցուցակ» եւ կոչ է անում դադարեցնել շփումն այդ մարդկանց հետ, չհանդուրժել նրանց, ինչպես նաեւ հեռացնել  աշխատանքից: «Սև ցուցակում» հայտնված անձինք 2014 թվականի հունիսի 16-ին դիմել էին առաջին ատյանի դատարան՝ պնդելով, որ թերթը չարաշահել է խոսքի ազատության իրավունքը և վիրավորել  իրենց։ Քաղաքացիները պահանջում էին  ներողություն խնդրել, հերքում տպել և 5 միլիոն դրամ վճարել որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Սակայն Հայաստանի դատարանները հայցը չէին բավարարել՝ համարելով, որ լրագրողն օգտվել է խոսքի ազատության իր իրավունքից։  Գործով փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը նշեց, որ Հայաստանը խախտել է արդար դատաքննության  իրավունքները։ «Մեր պետությունը՝  ի դեմս դատարանների,  ճիշտ ձեւով չի գնահատել ատելության կոչերը եւ համարել է դրանք խոսքի ազատության շրջանակներում: Այս հարցը որեւէ այլ տեղ չէինք կարող բարձրաձայնել, բացի միջազգային ատյաններից: Ինչո՞ւ է այդ դեպքում պատասխանողը պետությունը, քանի որ Հայաստանը պարտավորվել է  պաշտպանել իր քաղաքացիներին, բայց իր պարտավորությունները չի իրականացրել»: