«Մենք գնդակ ենք, առանց մեր կառավարման համակարգի» (տեսանյութ)
Աշխարհը «սարդոստայնի» մեջ է. այն ոչ մի շանս չի թողնում, որ մարդիկ ապրեն, ասում է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ Հայաստանում հաստատվում է բրիտանական համակարգ եւ Հայաստանը դառնում է այդ «սարդոստայնի» մասը: Պետական համակարգի հազարավոր աշխատակիցներ, սկսած նախարարներից վերջացրած նախագահականի անձնակազմով վաղուց արդեն բրիտանական են, Արմեն Սարգսյանի խողովակով շատերը գնացել եւ ավարտել են բրիտանական բուհեր: «Մենք նորից գալիս ենք նույն իրավիճակին, ինչ 100 տարի առաջ էր, երբ Հայաստանը Բրիտանիայի ֆորտպոստն էր: Բրիտանիան ուներ խնդիր Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը հայտնվեց այդ 2 պետությունների ճնշման տակ եւ հարված ստացավ: Հիմա նույնպես ունենք Ռուսաստան, որը «սարդոստայնով» հաստատված աշխարհը սկսելու է ավերել եւ հաստատել այլ կարգեր: Իսկ ներկայիս Թուրքիան ունի շատ ամբարտավան ղեկավար եւ տոգորված է մեսիական գաղափարներով եւ կատարում է շատ վտանգավոր քայլեր»: «Մենք գնդակ ենք, առանց մեր կառավարման համակարգի»,- նշում է Աշոտ Մանուչարյանը։ «Շատ հայեր չհասկանալով, որոշներն էլ հասկանալով, դարձել են «սարդոստայնի» մի մաս, եւ խեղդում ու ոչնչացնում են ժողովրդին»: Ինչ վերաբերվում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցին ԱՄՆ, Աշոտ Մանուչարյանը դրական է համարում եւ ավելացնում. «Իսկ ինչո՞ւ է Բակո Սահակյանը նոր հայտնվում ԱՄՆ-ում: Ինչո՞ւ այդպիսի քայլեր չեն կատարվել նախկինում՝ Արցախի հետ կապված, որովհետեւ այդ մարդիկ ենթարկվել են «սարդոստայնին»: «Սարդոստայնը» թելադրել է, որ պատերազմը պետք է շարունակվի ու ժողովուրդները պետք է իրար մորթեն, որպեսզի իրենք հնարավորություն ունենան դա ցանկացած պահի պայթեցնելու՝ իրենց իշխանությունը պահպանելու համար»: