Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական զորավարժությունը տարբերվում է նախկիններից (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashot-Movsisyan

Ադրբեջանի զորավարժություններն այս անգամ տարբերվում են նախկին զորավարժություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: «Այս տարվա զորավարժություններն անցկացվել են ավելի վաղ, սովորաբար դրանք անց են կացվում ապրիլին: Դրան կա մի քանի պատճառ: Առաջինը, որ սպասվելիք քաղաքական ընդվզումներին, եթե անհրաժեշտ լինի ներքին զորքերին դուրս բերել, դրանք պատրաստ լինեն, և երկրորդը՝ բանակի մարտունակության հարցն է»: Ըստ ադրբեջանագետի՝ զորավարժություններում նորություն է նաև ռազմավարությունը: «Ադրբեջանական զորքերը միշտ նախահարձակ են եղել, բայց հիմա զորավարժությունների ընթացքում անում են պաշտպանական ռազմական գործողություններ»: Ըստ նրա՝ դրա նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ իրենք չեն հրահրում ռազմական գործողություններ: «Նախկինում ավելի մեծ թվաքանակով են անցկացվել զորավարժությունները: Այս անգամ տեսնում ենք զորավարժությունների լայն մեկնաբանում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նպատակներից մեկը քարոզչությունն է»: Աշոտ Մովսիսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել: Խոսելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն այցի մասին՝ Աշոտ Մովսիսյանն այն դրական գնահատեց: «Մենք մեր տեսակետը միշտ փորձում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների միջոցով, և դիվանագիտական հաղթանակ է, որ Արցախի Հանրապետության պաշտոնյան է ներկայանում ԱՄՆ կոնգրեսին»: