Սա առանց կանոնների խաղ է. Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան
«Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի ապօրինի հետապնդումները, քրեական գործի շինծու ապացույցները», այսպես է վերնագրել իր 60 էջանոց ճառը պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Ինչ է ասում Սեֆիլյանը 2014 թ նոյեմբերի 26-ին: Իրենց կողմից ռեժիմը փոխելու գործընթացում, եթե նրանք՝ իշխանությունը, դիմեն բռնի ուժի, ապա պատասխան կստանան բռնի ուժ: Սրա համար հետապնդվում է: Այսինքն՝ իշխանության համար բռնի ուժ գործադրելը նորմալ է, կարելի է գործադրել եւ ո՞վ կընդդիմանա բռնի ուժ գործադրելուն, նա հանցագործ է»։ Սա, ըստ պաշտպան Արայիկ Պապիկյանի, Սեֆիլյանի զանգվածային անկարգություններ կազմակերպելու, նախապատրաստելու մեղադրանքի փաստական հիմքերից մեկն է: Ժիրայր Սեֆիլյանի հետապնդումների փուլն էլ, ըստ նրա՝ տարբեր ուժային կառույցներ են իրականացրել: «Նույն խաղի շրջանակներում ԱԱԾ-ն գնդակը փոխանցում է հարձակման առաջնագիծ Քննչական կոմիտեին, իսկ իրենք թիկունքից մեկ այլ գնդակով Սեֆիլյանի դեմ նոր հարձակում են նախապատրաստում: Սա առանց կանոնների խաղ է»,- ասաց պաշտպանը: Արայիկ Պապիկյանը իր ճառում նշեց՝ 2016 թ հունվարի 12-ին թեեւ Ժիրայր Սեֆիլյանին կանչում են հարցաքննության, սակայն իրականում զգուշացնելու նպատակ է հետապնդում. «Հասարական- քաղաքական գործչին քննիչը իհարկե բարձրաստիճան մարդկանց շուրթերով պահանջում է դադարեցնել գործունեությունը: Բնականաբար Սեֆիլյանը ուշադրություն չի դարձնում» Զգուշացումից հետո Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվում կազմակերպված խմբի կողմից հեռուստաաշտարակը գրավելու հոդածով: Մինչդեռ գործով անցնող մյուս ամբաստանյալների մեծ մասին, ըստ պաշտպանի, Ժիրայր Սեֆիլյանը չի ճանաչել: « Կամ լավագույն դեպքում հանդիպել է մեկ-երկու անգամ: Փաստացի քաղաքական- հասարական գործիչ Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն ուներ ռազմավարական նշանակության հաստատություններ գրավել եւ դա պլանավորում էր կատարե՞լ անծանոթների հետ»: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, խումբը կոչվում է կազմակերպված: Պաշտպանն այսօր միջնորդեց ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանին, այլեւ գործով անցնող իր մյուս պաշտպանյալին՝ Ներսես Պողոսյանին, ճանաչել անպարտ եւ արդարացնել: Ի դեպ, այսօրվա դատական նիստին ոչ բոլորին էր թույլատրվում ներս մտնել: Նախորդ նիստին դատավորը սանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ: Վարդգես Գասպարիի մուտքը դահլիճ եւս արգելված էր: