Գաբրիել Սարգսյանը միավորներով հավասարվեց Տիգրան Պետրոսյանին
Մոսկվայում ընթացող «Աերոֆոլոտ Օփեն» շախմատի փառատոնի գլխավոր մրցաշարում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 4,5 միավորով գտնվում էր միանձնյա առաջատար Վլադիսլավ Կովալեւին հետապնդողների շարքում, սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ: Իսկ ահա նրանից կես միավորով հետ մնացող մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը բավական երկարատեւ պայքարից հետո սպիտակներով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեենկոյին: Նա, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ եւս երեք շախմատիստներ, 5-ական միավորով բաժանում են 3-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում են երկու շախմատիստ՝ Վլադիսլավ Կովալեւն ու իրանցի գրոսմայստեր Մ.Ամին Տաբատաբային, որոնք իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր: Վաղը կկայանան նախավերջին 8-րդ տուրի պարտաները: Մեր շախմատիստների մրցակիցները հայտնի կդառնան առավոտյան: