«Արամ Մանուկյանի արձանի ընտրության մեջ կա կոռուպցիա» (տեսանյութ)
Վերջին շրջանում շարունակվում է լայնորեն քննարկվել պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը, որն ընտրվել է Երևանի ավագանու մրցութային հանձնաժողովի կողմից: Ճարտարապետների թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մանասյանը եւս եղել է հանձնաժողովի կազմում: Նա տեղեկացրեց, որ կազմակերպված մրցույթի առաջին փուլին, քանդակագործ Դավիթ Մինասյանը չի մասնակցել։ «Ի սկզբանե Դավիթ Մինասյանը չէր մասնակցում մրցույթին, երկրորդ փուլ էին անցել 3 աշխատանք եւ անսպասելիորեն, երկրորդ փուլում ընդգրկվեցին նոր աշխատանքներ, այդ թվում նաեւ Դավիթ Մինասյանինը»: Ըստ Անուշ Տեր-Մանասյանի, բացահայտ անցկացվեց Դավիթ Մինասյանի աշխատանքը, նրա աշխատանքում նույնիսկ դիմաքանդակ չկար, բացակայում էր պլաստիկան, կոնստրուկտիվ շատ ծանր էր, եւ հանձնաժողովի անդամները ընդունում էին այս թերությունները եւ ասում՝ «ոչինչ, կփոխի»: Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի ժամանակ ստացել է 7 ձայն. «Երևում էր, որ ի սկզբանե կանխորոշված էր, որ Դավիթ Մինասյանը պետք է հաղթեր»։ Ճարտարապետների թանգարանի տնօրենը կողմ է քվեարկել Սամվել Ղազարյանի աշխատանքին։ Ըստ նրա՝ դա այն արձանն էր, որը գրեթե չուներ թերություններ։ Այս իրավիճակը համահունչ է մեր իրականությանը, ասում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։ «Արամ Մանուկյանի արձանի ընտրության մեջ կա կոռուպցիա, քանի որ մրցույթի առաջին փուլում Դավիթ Մինասյանի այս գործն ընդգրկված չի եղել, և երկրորդ փուլում հանկարծակի հայտնվել է»։ Ըստ Թուխիկյանի, մեր իրականության հոռի բարքերը փաստորեն հայտնվել են հայկական մշակույթի մեջ։ Մեր ամեն դրվագը ստի վրա է հիմնված, ասում է Նարինե Թուխիկյանը: Ինչ վերաբերում է Մանուկյանի տուն-թանգարանին, Թուխիկյանը նշեց, որ այն մասունք է, որը գնալով քանդվում է: «Եթե պատկան մարմինները վաճառել են , ապա պետք է սեփականատիրոջը որոշակի պայմաններ առաջարկեին: Չպետք է թույլ տային, որ մասնավորը շենքը հասցներ այդ վիճակին, տան շրջակայքում աղբակույտեր են, որն արվել է հասարակության թեթեւ ձեռքով»: Նշենք, որ արձանի հարցը կքննարկվի ավագանու նիստում՝ փետրվարի 13-ին։ Արձանը պետք է կանգնեցված լինի այս տարվա մայիսի 28-ին, Առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյա հոբելյանի առիթով։