Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարծում, որ պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ հայեր կան ցուցակում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashotyan-gexamyan

Ռուս-ամերիկյան տնտեսական եւ քաղաքական բախումներից մենք որեւէ կերպ չենք շահում: Կարծում է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած, այսպես կոչված, Կրեմլյան զեկույցին, որտեղ թվարկված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած 114 պաշտոնյայի եւ 96 գործարարի, այդ թվում՝ հայազգի գործարարներ՝ Սամվել Կարապետյանի, Դանիել Խաչատուրովի անունները. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք դրանից, որ մեր հայրենակիցներն այդ ցուցակի մեջ ներգրավված են, հատկապես որ հայտնի չէ եւ այս պահին հասկանալի չէ, թե այդ ցուցակի մեջ ներգրավումն ինչ հետեւանքներ է ունենալու, որովհետեւ ցուցակի անվանական կազմը չի ենթադրում այս պահին որեւէ իրավական հետեւանք: Ինչպես ամերիկացիք են հայտարարել՝ այդ ցուցակը սանկցիոն չէ եւ չի նշանակում, որ ցուցակում նշված այդ մարդիկ մեղավոր են կամ սանկցիաների մեջ են»: Նրա վստահեցմամբ՝ ՀՀ-ն փորձում է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ իր հարաբերությունները չփչացնել. «Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից: Փառք Տիրոջը, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են, այսինքն, Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասելու, որ արցախյան հակամարտությունն այն եզակիներից է խորհրդային տարածքում նաեւ այն առումով, որ գերտերությունների շահերը համընկնում են խաղաղ կարգավորման, բռնի ուժի չգործադրման, սկզբունքների հետ կապված»:  Արմեն Աշոտյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղեկացրեց, որ նախատեսվել է փետրվարի 22-ին խորհրդարանական լսումներ անցկացնել՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ խոսքը գնում է ոչ միայն սումգայիթյան ջարդերի, այլև թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության շարունակականության մասին. «Սա հերթական մի օղակ է. չեմ հաշվում Արցախյան պատերազմի ընթացքը եւ 2016թ.  ապրիլյան դեպքերը, երբ դիվերսիոն ասկյարները մարդկանց պարզապես ֆիզիկական կտտանքների էին ենթարկում եւ այստեղից էլ բխում է ամենակարեւորը, որ Արցախն ինքնորոշման որոշումից զատ իսկապես ֆիզիկական գոյության անհրաժեշտություն ունի. սումգայիթյան ջարդերը, որպես մեկ օղակ, գալիս են ապացուցելու, որ Արցախը երբեք չի կարող Ադրբեջանի կազմում լինել»: Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն առիթը բաց չթողեց եւ Արմեն Աշոտյանին նվիրեց իր հեղինակած «ՌԴ եւ ՀՀ ռազմավարական դաշինքը դարերի համար է» վերնագրով գիրքը:   «Հուսով եմ հայտարարագրելու կարիք չկա եւ հանձնաժողովի մյուս անդամներն իրենց օրինակը կստանան շատ շուտ»,- նկատեց Արմեն Աշոտյանը: «Եթե տառերը ոսկուց չեն, կարիք չկա հայտարարագրել»,- կատակեց Շիրակ Թորոսյանը: «Բովանդակությունն է տեղով մեկ ոսկի»,- արձագանքեց Արտաշես Գեղամյանը: