Աուդիո և վիդեո հնարավորություններով նոր լսարան՝ արաբերեն սովորելու համար
Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնում այսօր բացվեց հատուկ լինգաֆոնային լսարան, որտեղ ուսանողները այսուհետ կկարողանան իրենց դասերն անցկացնել մի լսարանում, որը օժտված է աուդիո և վիդեո հնարավորություններով։ Լսարանի բացումը հնարավոր է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան միջնորդության շնորհիվ։ ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ-Կասիմը շեշտեց, որ շահագրգռված են շարունակելու և ամրապնդելու համագործակցությունները Հայաստանի հետ։ «Մենք ուզում ենք միշտ օգնություն անել բոլոր ոլորտներում հայ ժողովրդի համար։ Մեզ համար առաջնային ոլորտներն են կրթությունը և առողջապահությունը։ Հուսանք այս լսարանը կօգնի ուսանողներին ավելի լավացնելու իրենց գիտելիքները արաբերեն լեզվում»,- նշեց դեսպանը։ Լսարանի կահավորման և ամբողջ տեխնիկայի համար ծախսված 17000 դոլարը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության հիմնադրամը։ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց, որ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում արաբերենը դասավանդվում է ավելի քան 50 տարի և այս տարի լրանում է ֆակուլտետի 50 ամյակը. «Արաբերենը շարունակում է լինել հիմնական լեզուներից արևելագիտության ֆակուլտետի և դասավանդվում է բարձր մակարդակով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։