Ակցիզային հարկով չեմ պայմանավորի գների աճը. Վ. Միրումյան (տեսանյութ)
«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, մեջբերեց նրա ելույթից այն հատվածը, ըստ որի` լիցքավորվող գազի գինը 2015թ. մակարդակին է վերադարձել. «Ես հաշվարկ եմ արել 2013թ. մինչ հիմա եւ պարզել, որ 13,6 տոկոս է կազմել գնաճը։ Մյուս տարի 4 տոկոսից ավելի գնաճ ենք ունենալու ըստ պետական բյուջեի։ Այսինքն, այս ընթացքում գնաճը ձգտում է մոտավորապես 20 տոկոսի։ Դուք ասում եք, թե բենզին օգտագործում են եկամուտ ունեցող, ապահովված քաղաքացիները»։ Վախթանգ Միրումյանհ նշեց, որ համապատասխան մեղմող մեխանիզմներ քննարկվում են. «Վերաբաշխում ենք արել բենզինի հարցում։ Պետությունը չէր կարող գնալ եկամտահարկի մեղման։ Ձեր նշած ժամանակահատվածում ակցիզային հարկի դրույքաչափի վերանայում մեկ անգամ է եղել։ Այսինքն, գնաճը մի շարք այլ պատճառներով է լինում` միջազգային շուկաներում վառելիքի գների հարաբերական աճ։ Այսինքն, ակցիզային հարկով չեմ պայմանավորի գների աճը»։ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արման Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց, որ Հարկային նոր օրենսգրքով ակցիզային հարկի բարձրացմամբ մեկ տոննա բենզինի գումարը կազմելու է 18 հազար դրամ։ Նշենք, որ հասարակական տրանսպորտային միջոցները բենզինով չեն աշխատում, դա նշանակում է, որ այն շղթայական ռեակցիա չի կարող ունենալ։ Սեղմված գազի մեկ խմ-ն բարձրացել է 20 դրամով եւ դարձել 210 դրամ։ Ինչպես նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը` այս դրույքաչափերը հասել են 2015թ. ցուցանիշներին։ Արդյունքում մարզային ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների մեկ ուղեւորի դեպքում սակագինն իջել է մեկ դրամով, իսկ միկրոավտոբուսների դեպքում` 3 դրամով։ Ամփոփելով` ասեմ, որ ուղեւորափոխադրման սակագինը չի բարձրանալու»: