Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ նախագահի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի մոտ բուռն ծիծաղ առաջացրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
5QBAKbyv0Xk

«Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում հայտարարեց, որ դրամի նկատմամբ վստահությունը բարձրացել է. «Գնաճային սպասումները գերագնահատված են։ Դա վկայում այն, որ ԿԲ-ն իր վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողեց։ Ըստ մեր օպերատիվ դիտարկումների` չնայած դիզվառելիքի, բենզինի եւ սեղմված գազի գների բարձրացմանը, այս հունվարի ցուցանիշները կմնան նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների շրջանակներում։ Գնաճը կառավարելի է։ Սպասումները ուժգնանում են, հասարակության ոչ ռացիոնալ այս վերաբերմունքից կտուժի հենց հասարակությունը, քանի որ ավելորդ ծախսերը կավելանան»։ Ըստ նրա` սննդամթերքի սպառումը մեզ մոտ ավելի մեծ գնաճի է բերում, քան Վրաստանում։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նրան հարց ուղղելով, նշեց. «2017թ. գնաճը կազմել է 2.6 տոկոս։ Կարագը եւ այլ ապրանքներ թանկացել են։ Կա նաեւ գնանկումների ցանկ` խառը կանաչի, սխտոր, հնդկացորեն, կանաչ սոխ, տաքդեղ։ Այսինքն, մի նժարին դրել ենք թանկացումները, մյուսին` էժանացումները, որի արդյունքում ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, որ ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, ստացվում է ամսական իր ծախսի տարբերությունը 5000 դրա՞մ է»։ Արթուր Ջավադյանն ի պատասխան նշեց, որ ԱՀԿ եւ առողջապահական մի շարք կազմակերպությունների տվյալներով` կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան զեթինը, դրա համար հատկապես եվրոպական երկրներում կարագի գինը կտրուկ բարձրացավ. «Նույնիսկ եղավ իրավիճակ, որ խանութներում կարագ գնելը խնդրահարույց էր։ Դրա համար կարագի գինը բարձրացավ»: ԿԲ նախագահի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի մոտ բուռն ծիծաղ առաջացրեց ու մինչ ԿԲ նախագահը պատասխանում էր իր հարցին, նա գնաց, նստեց իր տեղը ու շարունակեց ծիծաղել։ Արթուր Ջավադյանը պարբերաբար կոչ էր անում` լսել իրեն։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, որ իր փողկապն առել է 20 տարի առաջ, այսինքն` միայն առաջնային ապրանքների մասին պետք չէ մտածել։ Արթուր Ջավադյանի պատասխանը կրկին ինքնատիպ էր. «Գնաճը միգուցե ընդամենը գոյական է, սակայն այն իրենից ներկայացնում է նաեւ ֆինանսական մակարդակ»: