Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյան եղբայրները չեն կարող տեսնել իրար (տեսանյութ)

Հասարակություն
index4

 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Խանդոյան եղբայրները չեն կարող տեսակցել։ Նրանք իրավունք ունեն տեսակցել մերձավոր ազգականների հետ, սակայն օրենսդրությունում չկա ընթացակարգ, որ կալանավորված անձինք կարող են տեսակցել միմյանց:  Փաստաբան Արա  Ղարագյոզյանը սա համարում է խախտում եւ դիմել էր ՄԻՊ-ին։   «Ոնց որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն էր մերժել, այնպես էլ իրենք են մերժել, նույն հիմնավորմամբ: Քանի որ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ պետք է տեսակցեն միմյանց, օրենսդրական բաց է: Բացի այդ նշել էր,  որ Արտուշ Գաբրիելյանը չի թույլատրել Արարատ Խանդոյանին տեսակցել Արայիկ Խանդոյանի հետ, այդ իսկ պատճառով չենք կարող միջամտել դատական գործընթացներին»,- «Ա1+»-ին ասաց Արա Ղարագյոզյանը: Փաստաբանի համար ընդունելի չեն ՄԻՊ պարզաբանումները.  «Կրկին անգամ իմ պաշտպանյալները ենթարկվում են քաղաքական հետապնդման: Այդ իսկ պատճառով ՄԻՊ-ը ռեալ գործողություններ չի իրականացրել, օրենքը մենկաբանել է  իր ցանկալի ձեւով, որ հարցին լուծում չտրվի»:    «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբաններն այսօր  ներկայացնում էին խնդիրները, որոնք ծագել են նախաքննության եւ դատաքննության ընթացքում։  Ըստ պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝  երեք ոստիկանների մահվան հանգամանքները մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնային. «Եւ եթե պարզվեր, որ նրանց մահը դիցուկ տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից՝ հրազենային կրակոց արձակելու արդյունքում, ապա քննության առարկա պետք է դառնար նաեւ կոնկրետ այդ իրավիճակը  եւ որոշվեր ուժի կիրառման իրավաչափությունը»: Ըստ մեղադրական եզրակացության՝ 3 ոստիկանների սպանության համար  մեղադրվում են   Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը ։ «Կգա ժամանակը, երբ կոնկրետ հանգամանքները քննվեն, այդ ժամանակ  իրենց պաշտպանները, մյուս փաստաբանները  միգուցե նաեւ իրենք փաստեր կներկայացնեն, որոնցից պարզ կդառնա, որ պաշտոնական տեսակետը իրականությանը չի համապատասխանում»,- վստահեցրեց Մուշեղ Շուշանյանը: Պաշտպան Արայիկ Պապիկյանի կարծիքով՝  ոստիկանների սպանության գործով նախաքննությունը շատ արագ է ավարտվել։  Իսկ ահա  «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ  դատարանում  նրանց նկատմամբ խոշտանգման դեպքով դեռ որեւէ նորություն չկա:  «Սասնա ծռեր»-ը շարունակում են պնդել, որ 2016թ   ամռանը ՊՊԾ գնդի գրավումը ապստամբություն է։  Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ իշխանությունները եւս  չեն մերժել  այս  իրավունքի գոյությունը. «Իրենք ընդունել են, որ անձն ապստամբելու իրավունք ունի, քանի որ հասկացել են, իրենք դիտավորյալ դեպքերը աղավաղել են, որպեսզի ապստամբության իրավունքի անգամ հոտ չգա այս գործից»:      Պաշտպաններն այսօր մեկ անգամ եւս ահազանգեցին՝ «Սասնա ծռեր»-ի անդամների մեղադրանքն անհատականացված չէ, բոլորը նույն արարքի մեջ են մեղադրվում, մինչդեռ, մեղադրանքի անհատականացումը քրեական իրավունքի հենասյուներից է: