Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս օրենքը գաղտագողի է բերվել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tSMPLOVzbVg

ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունները, որոնք բուռն քննարկում ունեցան, ընդունվեցին 57 կողմ, 31 դեմ ձայներով: Դեմ էին Ելք եւ «Ծառուկյան» խմբակցությունները: Վարման կարգով Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահությանը, ասաց. «Վեճ կա այս նախագծի հետ կապված, թե հատկապես որ հանձնաժողովում պետք է այն քննարկվեր: Եթե մեր՝ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեր այս հարցը, ապա բազմաթիվ խնդիրներ կային, վեր կհանեինք»: «Շատ լավ, հաշվի կառնենք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Իսկ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քանի որ պրակտիկայում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԱԺ նախագահը երկու գլխադասային հանձնաժողով է նշանակել, տվյալ դեպքում մարդու իրավունքների հետ անմիջական առնչվող հարցը պետք է Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեր նաեւ ու գլխադասային լիներ: Չեմ կարծում, որ դրանից դրամատիկ փոփոխություններ կլինեին՝ մեծամասնության քվեարկության առումով, սակայն վերաբերմունքի ու մտքերի ընթացքի հարց կա»: «Պարոն Փաշինյան, ոչ այս հարցի, այլ մեկ այլ հարցի հետ կապված ես ԱԺ Կանոնակարգով ուսումնասիրել եմ, որ ներկայումս այն թույլ չի տալիս երկու հանձնաժողով գլխադասային նշանակել, սակայն թույլ է տալիս, որ որպես նախաձեռնություն՝ ներգրավված լինեն քննարկմանը: Այսուհետ, մենք ավելի ուշադիր կլինենք, որպեսզի կարողանանք ոչ թե գերատեսչական, այլ հաժվի առնենք տրամաբանական ուղղությունները, թե որ կոնտեքստում է քննարկվում հարցը»,- պատասխանեց Արա Բաբլոյանը: Ելք խմբակցության Արտակ Զեյնալյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ այս օրենքը գաղտագողի է բերվել ու պատգամավորները չեն հասցրել նորմալ ուսումնասիրել այն: Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ այն շրջանառության մեջ է դրվել դեռ 2017թ. դեկտեմբերի 11-ից ու հիմա պլանային քննարկում է ընթանում: «Որեւէ պատգամավորի, որեւէ խմբակցության կողմից գրավոր առաջարկ չի ներկայացվել: Այդ թվում՝ առաջարկ չի եղել գլխադասային հանձնաժողով փոխելու: Ոստիկանության ոլորտը ներառված է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մեջ», արձագանքեց հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ նիստի օրակարգը սպառվեց, սակայն ժամը 16:30-ին, ըստ ԱԺ Կանոնակարգի, տեղի կունենա Կառավարության հետ հարցուպատասխան: