Հարված՝ տեղական արտադրողին. նախընտրել են ռուսական լուսացույցներ (տեսանյութ)
Պետական ոչ մի կառույց տեղյակ չէ, թե ինչպես են Կոմիտասի պողոտայում եւ Հալաբյան փողոցում հայտնվել ռուսական արտադրության լուսացույցները: Ոստիկանության ներկայացուցիչն առանց կոնկրետացնելու ասում է՝ մրցույթի արդյունքում: Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը նշում է, որ մրցույթի արդյունքում շահել է այն կազմակերպությունը, որն ավելի էժան գին է առաջարկել: «Լուսանշան » ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված՝ լուսացույցների ձեռքբերման գնման մրցույթին հայտ են ներկայացրել երեք ընկերություններ՝ Էլիպս ՋիԷյ ՍՊԸ-ն, Երպետ ՍՊԸ-ն, Ատլանտ ՍՊԸ-ն: Հաղթողը բնավ էլ տեղական արտադրող Էլիպս ՋիԷյ ՍՊԸ չէ, որն արդեն Հայաստանում եւ Արցախում ավելի քան 250 լուսացույց է տեղադրել։ Երբ հայկական շուկա է մտնում ռուսական արտադրանքը. ոստիկանության ներկայացուցիչը չի ժխտի, որ հայկականն ավելի լավն է: Պարոն Կոստանյանը տեղյակ է հայկական եւ ռուսական արտադրության լուսացույցների առանձնահատկություններից։ «Հայկական լուսացույցներ մեջ կա 300 դիոդ, իսկ ռուսականի մեջ 90, մեր հայկականն ավելի լավն է»: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է հաղթել ռուսական ընկերությունը։ Ոստիկանության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս դիմել ֆինանսների նախարարություն՝ հասկանալու, թե ինչու է նախապատվությունը տրվել ռուսական լուսացույցներին: Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է՝ իրենք կապ չունեն, ոստիկանությունն է պատվեր իջեցրել «Լուսանշան» ընկերությանը՝ տրամադրելով ֆինանսավորում, թե որտեղ եւ ինչպիսի լուսացույցներ տեղադրի: «Լուսանշանը» հենց այն ընկերությունն է, որը ռուսական արտադրության էժան եւ պակաս դիմացկուն լուսացույցները գերադասել է հայկականից, որքան էլ հայտարարվում է տեղական արտադրությանը զարկ տալու մասին։ Ընկերության գլխավոր ճարտարագետ Հակոբ Ստեփանյանը նշեց, որ բոլոր տեղեկությունները հրապարակված են իրենց կայքում, մրցույթի ընթացակարգը, ըստ նրա եղել է բաց ու թափանցիկ: Ընկերությունը սակայն կայք չունի: Ճարտարապետը հավանաբար նկատի ուներ պետական գնումների գործակալության կայքը: Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, թե հաջորդ տարվանից նման անորոշություն չի լինի։ 2018-ից սկսած բոլոր լուսացույցները ձեռք կբերվեն մրցակցային ընթացակարգով, այսինքն` կիրականացվի բաց գնման գործընթաց եւ այն կմտնի պետական գնումների դաշտ: Ավելին՝ տեսանյութով