Լիբանանի դեսպանը հրաժեշտ է տալիս Հայաստանին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել դեսպան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորս ու կես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժան Մաքարունին և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում Լիբանանի նոր դեսպանը նույնպիսի եռանդով իր ավանդը կներդնի երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման գործում: Նախագահը կարևորել է հարաբերությունների խորացման ուղղությամբ շարունակական աշխատանքը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: