Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական գորգերի գաղտնիքները բացահայտված չեն (տեսանյութ)

Հասարակություն
1GLNI1wVAw8

Հայկական գորգերը խորը ուսումնասիրության կարիք ունեն, անհրաժեշտ է ստեղծել մի մարմին, որը կզբաղվի այդ գործով։ Այս համոզմանն է Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ Վիկտոր Մնացականյանը։ Հայկական գորգերը մնացած ազգերի գորգերից տարբերվում են իրենց սիմվոլներով։ «Երկար ժամանակ մենք չենք ուսումնասիրել այդ սիմվոլները, երկար ժամանակ չենք հասկացել այդ սիմվոլների իմաստը, բայց կարծում եմ այդ սիմվոլների մեջ թաքնված են մեր կոլեկտիվ հիշողության, քրիստոնեական և ընդհանրապես ազգագրության շատ հարցեր»,- ասում է պարոն Մնացականյանը։  Նրա նախաձեռնությամբ Երևանում ապրիլի 1-ին իր դռները կբացի Հայկական գորգի թանգարանը։ Այն տեղակայված կլինի ԱՕԿՍ-ի շենքում՝ Աբովյան 3 հասցեում։ Դեռ տարիներ առաջ թանգարան ստեղծելու նախաձեռնություն եղել է, սակայն այն ինչ-ինչ պատճառներով ավարտին չի հասցվել։ «Եթե չեմ սխալվում, խորհրդային տարիներին նախագծվել է նման շենք, Վեհափառի խնդրանքով այն պետք է լիներ Էջմիածնում, հետո ինչ-ինչ պատճառներով այն ավարտել են, ինչ-որ տեղակայում ա եղել շենքի հետ կապված... բայց ժամանակն էր, որ մենք ունենայինք»,-ասում է «Ա1+»-ի զրուցակիցը։ Թանգարանն իր առջև խնդիր է դրել հայկական գորգը աշխարհին հայտնի դարձնել, իսկ աշխարհի տարբեր թանգարաններում ցուցադրվող հայկական գորգերը, ձեռագործ աշխատանքները, որոնք ներկայացված են կովկասյան կամ ադրբեջանական, ճանաչելի դարձնել որպես հայկական.  «Փարիզում էս վերջերս տեսա մոտ 200 տարեկանից ավելի եկեղեցական վարագույրներ, ամբողջը հայատառ, գրված է ում է նվիրվում, բայց ներկայացված է Օսմանյան կայսրության նմուշ։ Մենք հիմա նամակով դիմում ենք, որ եթե Օսմանյան կայսրությունը դիտում եք որպես քաղաքական տարր, խնդրում ենք գրել Օսմանյան կայսրության հայերի կամ քրիստոնյաների կողմից պատրաստված մշակութային արժեք»։ Թանգարանը Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ համատեղ նախատեսում է գորգեր արտադրել Հայաստանում և իրացնել արտասահմանում։ Կալիֆորնիայում և Ռուսաստանում հայկական գորգերը մեծ պահանջարկ ունեն. «Գորգագործությունը շատ մեծ շուկա է, ոչխարաբուծությամբ պետք է ստիպված զբաղվենք և մեր պահանջները դնենք, բրդի, թելերի ներկման։ Մի հատ հետաքրքիր ինդուստրիա ա ձևավորվելու, որ էս պահին Հայաստանը, կարծում եմ, էդ ներուժը ունի»,-ասում է պարոն Մնացականյանը։ Թանգարանի մյուս կարևոր գործառույթներից մեկն էլ լինելու է կայացած և պրոֆեսիոնալ գիտահետազոտական թիմ հավաքագրելը. «Մենք արդեն բանակցում ենք, թե որ գիտնականները կաշխատեն մեզ հետ։ Մեզ հարկավոր են էնպիսի մասնագետներ, որոնք բնականաբար տիրապետեն օտար լեզուներին, որովհետև մենք պետք է ուսումնասիրենք Եվրոպական երկրների թանգարանային ֆոնդը հնարավորության դեպքում, արաբական արխիվները»։ Թանգարանը կունենա ՀՀ մշակույթի նախարարության և արտերկրից մի շարք անհատների աջակցությունը։ Արտասահմանյան երկրներից որոշ կոլեկցիոներներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել իրենց հավաքածուներից ցուցանմուշները ցուցադրել թանգարանում։ Լուրջ աշխատանք է տարվելու նաև զբոսաշրջիկների հետ։ Բանակցություններ են վարվում Հայփոստի հետ, որպեսզի զբոսաշրջիկի գնած գորգն իրենից էլ շուտ հասցնեն նրա բնակության վայր՝ նվազագույն ծախսերով։ Հայկական գորգերի թանգարանը լինելու է նաև մշակութային կենտրոն, որտեղ կկայանան շնորհանդեսներ, կամերային փոքր համերգներ, Հայաստանից և արտասահմանից հրավիրվելու են տարբեր գիտնականներ, որոնք դասախոսություններ կկարդան ընդհանրապես գորգի, ասեղնագործության, կիրառական, ժողովրդական արվեստների մասին։ Գարնանը տարբեր լեզուներով հանրամատչելի աշխատություններ պատրաստ կլինեն, որոնք կտպագրվեն արտասահմանյան մամուլում։