«Թուրքիան իրականում խաղում է և լավ է խաղում». քաղաքագետ (տեսանյութ)
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի հավատում, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի քայլը հրեական լոբբիի արդյունք է. «Սա Սիրիայում ռուսական զենքի հաղթանակի դեմ քայլ էր, նախապես համաձայնեցված էր և սպասում էր հարմար պահի»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել դաշինքի դեմ որպես հակակշիռ ուժ կարող է լինել Իրանը։ Իսկ Թուրքիան իրականում խաղում է և լավ է խաղում։ Թրամփի մասին ասեկոսեները, թե նա անփորձ նախագահ է, պարոն Շիրինյանը ծիծաղելի համարեց. «Նա անսովոր քաղաքական գործիչ է, սիրում է կտրուկ շարժեր։ Կուզեի, որ նման մի քայլ էլ աներ Ցեղասպանության ճանաչման առումով»։ «Երուսաղեմում հայությունն ահռելի հարստություն ունի, որը նյութական չէ, այլ՝ քաղաքակրթական։ Այն քրիստոնեական աշխարհի թագն ու պարծանքն է և պետք է տեր կանգնել դրան»,- նշեց քաղաքագետը։ Նշված իրադրության մեջ ճիշտը ոչ թե դիմակայելն է, այլ՝ դիրք պահել կարողանալը։ «Եկեղեցին խոհեմ է,-ասում է նա,- դարեր շարունակ ունեցել է մի լավ դիվանագիտություն՝ չշտապել, և կկարողանա գլուխ հանել»։ Խոսելով Ուկրաինայի իրադարձությունների մասին՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Միխեիլ Սաակաշվիլին, եթե Ռուսաստանի գործակալը չէ, ուրեմն Ռուսաստանի մարդն է։