Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն մերժեց ԵՏՄ–ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի նախագիծը (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-3

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ այսօր Ելք խմբակցության հեղինակած «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ նախագիծը չընդունվեց 6 կողմ, 76 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Մինչ այդ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գրեթե ոսկերչական ճշտգրտությամբ են ՀՀ իշխանությունները վարում արտաքին քաղաքականությունը՝ առաջ տանելով ՀՀ շահերը. «Մենք կարծում ենք, որ Ելքը նույնպես դա քաջ գիտակցում է»: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով հայտարարեց, որ խորհրդարանում արձանագրվեց քաղաքական դաշտում առկա դիզբալանսը. «Քաղաքական փոխզսպումների ու հակակշիռների մեխանիզմ չունենք. Այդքան քիչ կողմ ձայներ եղան՝ միայն Ելքից: Հակադրություն չի եղել Ելքի կողմից, դա եղել է միայն ՀՀԿ կողմից եղած փաստարկներում: Առաջարկում եմ մարզերով այցելել ու մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն անընդհատ թանկանում: Մարդիկ արդեն կարագ են բանկ դնում՝ որպես գրավ, էնքան է թանկացել»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ գրավոր հարցմամբ դիմել է ՀՔԾ-ին, թե ինչ հիմնավորմամբ են նրանց սենյակներում կախված Սերժ Սարգսյանի լուսանկարը. «Մինչ օրս, այսինքն՝ 6 ամիս անց, ՀՔԾ պետը չի պատասխանել ինձ՝ թույլ տալով օրենքի կոպիտ խախատում: Ուզում եմ հայտարարել, որ ՀՔԾ պետին պատասխանատվության կանչելու ձեւը կգտնեմ ու այս հարցով լինելու եմ հետեւողական: Իսկ ՀՔԾ բոլոր քննիչներին զգուշացնում եմ՝ իրենց պատերից հանել Սերժ Սարգսյանի լուսանկարը, քանի որ դրա համար իրավական ոչ մի հիմնավորում չկա, եթե, իհարկե, որեւէ քննիչ Սերժ Սարգսյանին իր պապը կամ հայրը չի համարում»: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նրանց հարցերը չեն վերաբերում վարման կարգին ու անջատեց նրա խոսափողը: Նրան տեղից դիտողություն արեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, թե շուտ պետք է անջատեր: «Պարոն Հարությունյան, նիստը վարողը ես եմ, ու այն վարում եմ ինչպես նպատակահարմար եմ գտնում ու ինչպես օրենքն է պահանջում»,- արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը: