«Այս փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն մեր ինտեգրմանը, այլև մեր ներքին կյանքին» (տեսանյութ)
ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկին ելույթով հանդես եկավ նախկինում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա նշեց, որ համաձայնագիրը աննախադեպ է Հայաստանի համար թե իր ընդգրկումով, թե իր իրական հնարավորություններով և համաձայնագրում նշված բոլոր 3 ուղղություններով մենք մեծ անելիք ունենք: «Այս փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն մեր ինտեգրմանը, այլ նաև մեր ներքին կյանքին: Կարևոր է գիտակցենք մեր քաղաքական համակարգի խնդիրները՝ բազմակուսակցական համակարգի կայացումը, քանի որ երկրում բազմաթիվ հարցեր որոշվում են քաղաքական համակարգի որակներով: Մյուս գործոնը կրթության և գիտության համակարգի բարեփոխումն է, որովհետև այստեղ նույնպես համակարգաստեղծ նշանակություն ունի հարցը, որովհետև այն ձևավորելու է մասնագետներ՝ նշված նպատակն իրագործելու համար, մյուս կողմից ձևավորելու է փորձագիտական շրջանակներ, որոնք հետևելու են աս ամենի կատարմանը և ներդրում են ունենալու այնտեղ»,-ասաց նա: Պարոն Թորոսյանը կարևորեց նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումները: Ըստ նրա՝ սկզբունքները, որոնք թվարկված են, շատ հայտնի են, բայց կարևորը Եվրամիության հանձնառությունն է, որը արձանագրված է այս փաստաթղթում: