Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագիր է ստորագրվել

Պաշտոնական
bako2

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին ժամանել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաք եւ մասնակցել Ալֆորվիլի ու Բերձորի միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը բարեկամության հռչակագրի ստորագրումը որակել է որպես Արցախի համար նշանակալի իրադարձություն քաղաքական, իրավական ու բարոյական տեսանկյուններից, ինչը, առաջին հերթին, բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման եւ զարգացման կարեւոր հիմքերից է: «Ֆրանսիայի եւ նրա վարչական շրջանների հետ փոխգործակցությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, եւ քույր քաղաքների ցանկի ու աշխարհագրության ընդլայնումը, նրանց հետ կապերի խորացումը այս քաղաքականության առանցքային բաղադրամասերից է»,- իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը: Նախագահի խոսքով՝ Ալֆորվիլ քաղաքի հետ փոխգործակցության ընթացքում արդեն իսկ արձանագրվել են հիշատակման արժանի դրվագներ, եւ այս համատեքստում Բակո Սահակյանը նշել է 2016 թվականի սեպտեմբերին քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակության այցն Արցախ եւ Ապրիլյան պատերազմի օրերին Ալֆորվիլում տեղի ունեցած բազմամարդ ցույցը՝ ի սատարումն Արցախի ու ընդդեմ ադրբեջանական բռնությունների: Արցախի Հանրապետության Նախագահը նշեց, որ այս ամենը ողջ աշխարհին ցույց տվեց ագրեսիայի անընդունելի լինելը քաղաքակիրթ հանրության համար: «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր Արցախի հետ են, ովքեր պայքարում են հանուն ազատության եւ հավասարության, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության: Դա խիզախ եւ ընդօրինակման արժանի պահվածք է»,- շեշտել է Նախագահ Սահակյանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ալֆորվիլի եւ Բերձորի համագործակցությունն ունի խոստումնալից հեռանկարներ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ուժերով հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ