Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին (տեսանյութ)

Պաշտոնական
mfa

Նոյեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը: ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է հանդիսանում: Այս առումով նա ընդգծեց Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանակում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԺՀՄԻԳ տնօրենը պատրաստակամություն հայտնեց շարունակել ձևավորված սերտ փոխգործակցության ավանդույթը: ԺՀՄԻԳ տնօրենը կարևորեց Հայաստանի ներդրումը այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում, այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը: Ինգիբյորգ Գիսլադոտիրը կարևորեց նաև խորհրդաժողովին նախորդող երկու օրերի ընթացքում Երևանում նույն հարցերին նվիրված՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ԺՀՄԻԳ սեմինարի անցկացումը: Երկուստեք նշվեց, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԺՀՄԻԳ գործունեության, ԵԱՀԿ մասնակից երկրների միջև համագործակցության հարցերին։