Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2-րդ անգամ կընդունի Կիպրոսի ազգային թիմին

Սպորտ
a1hajastan-kipros

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ազգային թիմի հետ: Սա երկու երկրների ուժեղագույն ֆուտբոլիստների երկրորդ հանդիպումն է Արարատյան դաշտավայրում: Առաջին անգամ Կիպրոսի հավաքականը Երեւանում հյուրընկալվել էր 23 տարի առաջ, 1994-ի հոկտեմբերի 8-ին, Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակում: Այդ խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Չորս անգամ թիմերը հանդիպել են նաեւ Միջերկրական ծովի ափին: Բոլոր այդ խաղերում միանշանակ հաղթել են կիպրոսցի ֆուտբոլիստները: Այնպես որ, Կիպրոսի ընտրանին այն թիմերից է, որին Հայաստանի հավաքականը դեռեւս չի կարողացել հաղթել: Նշենք, որ կիպրոսցի ֆուտբոլիստները երեք օր առաջ ընկերական խաղ էին անցկացրել Վրաստանի հավաքականի հետ եւ պարտվել էին 0:1 հաշվով: Մերոնք, հակառակը, չորս օր առաջ սեփական դաշտում անցկացրած նմանատիպ խաղում 4:1 հաշվով ջախջախել էին Բելառուսի ազգային թիմին: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն այս հանդիպման ֆավորիտ են համարում հենց Հայաստանի ընտրանուն, չնայած այն ՖԻՖԱ-ի վարկանիշով զիջում է Կիպրոսի ընտրանուն: Մերոնց հաղթանակը գնահատել են 1,90, իսկ կիպրոսցիներինը՝ 4,00 գործակիցով: Հայաստան – Կիպրոս ընկերական հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հանդիպման տոմսերը վաճառվում են միայն «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում: