Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանատներ ունենք, որտեղ միայն դեսպանն ու փոխդեսպանն են (տեսանյութ)

Քաղաքականություն
Qocharyan-Shavarsh3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր շարունակվում են 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները:  ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացնում է եկող տարվա իրենց ծախսերն ու ծրագրերը՝ նշելով, որ ծախսը կլինի 15,7 մլրդ դրամ, որը 2,2 մլրդ-ով ավելի է այս տարվանից: Ծրագրերում հիմնականում շեշտադրումները լինելու են Ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ:  Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսված ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրման հարցում հայկական կողմը որեւէ խոչընդոտ չի տեսնում:  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նրանից հետաքրքրվեց՝ եվրոպական ի՞նչ ներդրումների ծավալ ունենք. «Ի՞նչ է պակասում մեր դեսպանատներին, որպեսզի մենք ունենանք ներդրումների ակտիվություն: Խնդրում եմ՝ ասեք կոնկրետ թվերով՝ չափելի»: Շավարշ Քոչարյանը նշեց, որ կան դեսպանատներ, որտեղ միայն դեսպանն ու փոխդեսպանն են. «Ունենք տնտեսական խնդիրներ ու այլ հանգամանքներ, օրինակ՝ Սփյուռքի գործոնը: Նախատեսում ենք, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունն ունենա առեւտրական ներկայացուցիչներ: Ունենք նաեւ ոչ ֆորմալ մոտեցումներ, երբ տվյալ անձը դառնում է խողովակ դեսպանատան համար ու աշխատում են նրա հետ»:  ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրեց Ջավախքում հյուպատոսություն բացելու մասին հարցը: Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ եկող տարի չեն նախատեսում հյուպատոսարանների ու դեսպանատների բացում. «Դա թանկ հաճույք է. թիրախային, քայլ առ քայլ անում ենք ինչ-որ բան: Դեսպանատուն կա Թբիլիսում, Բաթումիում՝ գլխավոր հյուպատոսություն: Փաստաթղթերի ձեւակերպման խնդիր չունենք, մենք չենք տեսել, որ լուրջ խնդիր կա՝ առանց վիզայի ռեժիմ է գործում: Եթե տեսնում եք անհրաժեշտություն...» Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ կա սերտ համագործակցություն ԱԳ նախարարության հետ, եւ այս տարի նախարար Նալբանդյանին կհրավիրենք հանձնաժողով՝ քննարկումների: