Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճարտարապետն առաջարկում է վերադարձնել շրջանցող ճանապարհները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mushexyan

Երեւանը դարձել է խցանումների քաղաք: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի դիտարկմամբ՝ ամբողջ աշխարհում տրանսպորտային խնդիրները երկու տարբերակով են լուծվել՝ մշակութային մեծ ժառանգություն ունեցող քաղաքների կենտրոնում թույլատրվում է միայն հետիոտների շարժը, մյուս դեպքերում՝ նոր քաղաքները հարմարեցրել են տրանսպորտին: Վերջին այս տարբերակը, ըստ նրա, հիմնականում հանդիպում է ԱՄՆ-ում, թեեւ այստեղ եւս հրաժարվում են այդ մոտեցումից: «Ինչ էլ մենք անենք, համարում ենք, որ պետք է պահպանել մշակութային արժեքները, որոնք մենք ունենք Երեւանում, եւ չզոհաբերենք հանուն տրանսպորտի: Իսկ եթե դա չանենք, մի օր մենք կկանգնենք մի խնդրի առջեւ, որ կարող է պատահի Օպերան էլ քանդենք եւ տեղը կառուցենք տրանսպորտային մի հանգույց, որ այդ խնդիրները լուծենք: Սակայն դա բացառվող տարբերակ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:   https://youtu.be/wIBxGT-HT_Y Ճարտարապետի արտահայտած  այս միտքը վերջերս  շահարկումների առիթ է դարձել: Նրա վստահեցմամբ՝ իր խոսքն աղավաղել են ու կոնտեքստից կտրել: Նա հիշեցնում է ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հետ իրենց համատեղ նախագիծը՝ վերակառուցել Ֆրանսիական հրապարակը՝ 4 կանաչ տարածքներ միացնելով իրար,  ստեղծել հետիոտն գոտի. «Այնպես որ, այս մտածելակերպի տեր մարդը երբեք չէր կարող մտածել, թե կարելի է Օպերան քանդել: Ես ընդամենն ասում եմ՝ ինչ գործընթաց կարող էր լինել հետագայում, եթե մենք կանգնենք նման կատաստրոֆիկ վիճակի առջեւ, որ ուզում ենք անպայման առաջնությունը տալ տրանսպորտին»: Գուրգեն Մուշեղյանը, որպես խնդրի լուծում, առաջարկում է կառուցել կամ վերադարձնել իրենց նշանակությանը շրջանցող ճանապարհները. «Մայրաքաղաքի հարավից հյուսիս եւ հակառակը, բոլորս անցնում ենք Կենտրոնով, քանի որ ամենակարճ ճանապարհն է, սակայն առանց գիտակցելու, որ մենք ստեղծում ենք խցանումներ, եւ դրանցով մենք ավելի շատ ժամանակ ենք կորցնում, քան եթե շրջանցենք այդ կենտրոնը եւ ավելի ազատ փողոցներով շրջենք»:   Երեւանի փողոցները բեռնաթափելու մյուս տարբերակը քաղաքային տրանսպորտային ցանցի փոփոխությունն է. «Մեկ տոմսի գաղափարն է: Եթե յուրաքանչյուրը բաժնետիրական սկզբունքներով է մասնակցում տրանսպորտային խնդիրներին, այսինքն՝ չի ուզում չեզոքացնի բոլոր երթուղիններն ու վերցնի իրեն, գումար աշխատի, ինքն ինչքան գումար է ներդրել, համապատասխան գումարներ աշխատի: Այդ պարագայում եւ մարդիկ ավելի լավ կլինեն, լավ կզգան մեկ տոմսով»: Այս խնդիրները, ըստ նրա, լուծելի են ու մեծ գումաներ չեն պահանջում՝ ընդամենը պետք է ճիշտ ուսումնասիրել, կառավարել երթուղիները։