Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռեր խմբի անդամի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-dat

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ քիչ առաջ միջնորդությամբ հանդես եկավ նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը. «Խայտառակ սանիտարահիգիենիկ վիճակում գտնվելով՝ կարող է առաջանալ ոսկրային ինֆեկցիա»,- դիմելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանին՝ ասաց պաշտպանը։ Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները։ Այս պահին դատավորը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Մինչ այս միջնորդությանն անդրադառնալը, պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց Սասնա ծռերի առանձնացված 3 գործերը միացնել և 1 վարույթում քննել։ Պաշտպան Երվանդ Վարոսյանը նշեց, որ մեկ միասնական մեղադրանքով 3 տարբեր գործեր քննելը խնդիր է առաջացնելու։ Ըստ պաշտպանի՝ եթե դատավճռով մի գործով մեղավոր ճանաչվեն ամբաստանյալները, ապա դա տարածվելու է նաև մյուս 2 գործերի վրա։ Իսկ պաշտպան Լուսինե Սահակյանն  էլ ավելացրեց, որ սա կարող է ազդել գործի լրիվության ու օբյեկտիվության վրա, ինչպես նաև՝ 3 մասի բաժանելով՝ պարալիզացվել է  դատական համակարգը։ Այսպես՝ պաշտպանները չեն կարողանում դատական այլ նիստերի մասնակցել, ինչպես նաև՝ դատավորներն այս գործով նիստերրի օրերին այլ նիստեր չեն նշանակում։ Դատավորն այս միջնորդությունը մերժեց՝ նշելով, որ սա չի կարող ազդել գործի լրիվության և օբյեկտիվության վրա։