Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկայինը ճնշում է տնտեսվարողին. Սերգեյ Բագրատյանի մտահոգությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
3PN_QL7G5I0

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի այսօրվա քննարկմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի զեկույցից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իրենց խնդիրը տնտեսվարողների շահերի պաշտպանությունն է. «Հարկային տեսուչները, ստուգելով տնտեսվարողին, գրում են համապատասխան ստուգման ակտ, տնտեսվարողը գանգատարկում է եւ դիմում է դատարան: Հարկային ծառայությունը, չսպասելով արդյունքներին, դիմում է Քննչական կոմիտեին ու լրացուցիչ ճնշում են գործադրում տնտեսվարողի նկատմամբ: Ինչպե՞ս եք բացատրում այդ երեւույթը, արդյոք այս գործելակերպը ներդրողներ կբերի՞ մեր հանրապետություն, մանավանդ, երբ տնտեսվարողին 27 կողմից հարձակման եք ենթարկում»:  Ի պատասխան Վախթանգ Միրումյանը նշեց. «Ճիշտն ասած՝ ձեր կողմից ներկայացված բառերով չէի ներկայացնի մեր կողմից իրականացվող վարչարարությունը: Տնտեսվարողներին ճնշելու որեւէ միտում չկա. բոլոր այն դեպքերում, երբ լինում են խախտումներ ու կազմվում են ստուգման ակտեր, եթե խախտման չափը գերազանցում է 4 մլն դրամը, հարուցվում է նաեւ քրեական վարույթ: Էստեղ ի՞նչ ճնշումների մասին եք խոսում, անձամբ ինձ համար անհասկանալի է»: Սերգեյ Բագրատյանը խոստացավ ներկայացնել կոնկրետ փաստեր. «Ես վստահեցնում եմ՝ նկատվում է միտումնավորություն, որ գրեն 4 մլն դրամից ավելի, որպեսզի Քննչական կոմիտեին ներգրավեք ձեր գործընթացում ու ճնշեք, որպեսզի տնտեսվարողն ընդունի այդ ակտերը»: Խոսակցությանը միջամտեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ ասելով. «Եթե պատգամավորը հարց է ուղղում, ուրեմն նրա հարցադրման հիմքում կա կոնկրետ օրինակ: Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ օրենսդրորեն չեզոքացնենք այդ բացասական երեւույթները»:  Միջամտեց նաեւ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սակայն նրա պատասխանները եւս չբավարարեցին Սերգեյ Բագրատյանին, եւ նա սկսեց դժգոհել: Խոսրով Հարությունյանը դադարեցրեց երկխոսությունը՝ հայտարարելով, որ Կանոնակարգով նախատեսված երկխոսության ժամանակը սպառվեց: