«Ինչո՞ւ չեք կանչում մենաշնորհների տերերին ու բացատրում». ԱԺ-ում բյուջեի քննարկումներն են (տեսանյութ)
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի այսօրվա քննարկմանը Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց տնտեսական հատվածի եկամուտներն ու ծախսերը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հարց տալով, նկատեց, որ հարկերի հավաքագրումն ավելին կլիներ. «Հիմնական հարկերը գոյանում են մենաշնորհված ուղղություններով: Եթե դա ձեր հնարավորությունների սահմաններում է, դուք մենաշնորհներ եք տրամադրում, ինչո՞ւ այդ մենաշնորհատերերին չեք բացատրում եւ ստիպում, որ ռեալ 1,5 տրիլիոն բյուջե մենք հիմա ունենայինք: Ամբողջ աշխարհում բյուջեի մոտ 80 տոկոսը հավաքագրվում է մենաշնորհային ճյուղերի հաշվին: Դուք ինչո՞ւ չեք կանչում մենաշնորհների տերերին ու բացատրում, որ ձեր շահույթն այս տարի պետք է նվազի, եւ պարտադիր չէ, որ միշտ իրենք ունենան հարյուր միլիոնավոր դոլարների շահույթ. ժամանակն է՝ եթե չեն համաձայնվում խաղի կանոններին, վերացրեք այդ մենաշնորհները եւ կարճ ժամանակում 1,5 տրիլիոն չէ, 2,5 տրիլիոն կունենաք»: Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ պատգամավորի նշած թիվն ընդամենը բյուջեի եկամտային հատվածն է. «Ես ենթադրում եմ, որ ձեր խոսքի մեջ՝ «դուք ինչի չեք կանչում»-ն օրենսդրությունից է բխում: Դա ի՞նչ է ենթադրում՝ օրենսդրորե՞ն, թե ոչ օրենսդրորեն: Օրենսդրորեն չկա որեւէ անհամապատասխանություն, եթե ոչ, ապա դա այլ խոսակցության թեմա է»: