Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան մեկ տարով որակազրկել է ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանին: Այս մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը: «Գրիգոր Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն նա մասնակցել է մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի աշխարհի առաջնությունն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն», - ասել է նա: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ: