Արման Միքայելյանը հինգերորդ հաղթանակը տարավ հուշամրցաշարում
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Արման Միքայելյանը շարունակում է հաջող հանդես գալ Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում: Երեկ կայացած 6-րդ տուրում 21-ամյա գրոսմայստերը սպիտակներով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Կոբալիային եւ տարավ 5-րդ հաղթանակը մրցաշարում: Նա այժմ 5,5 միավորով գտնվում է առաջատարների խմբում եւ բաժանում է 1-5-րդ տեղերը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Արման Միքայելյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմեւի հետ: Իսկ ահա առաջատարներից կես միավորով հետ մնացող մեր շախմատիստ Սարգիս Ռ. Մկրտչյանը ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Յանկայ Լիի հետ եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 4,5-ի: Նրա հաջորդ մրցակիցը ուզբեկստանցի Ջախոնգիր Վախիդովն է, որը հանդես կգա սեւերով: