«Հայաստանում մարդը ծնվել է, որ կոշիկ սպառի կամ պոմիդոր» (տեսանյութ)
«Հայաստանում ընտանիքների եկամուտների միջին, 60 եւ ավելի տոկոսը գնում է սնունդին: Դա ահավոր մի թիվ է, էդպիսի վիճակ լինում է պատերազմի ժամանակ, աղետների ժամանակ»,- փաստում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Հոլանդիայում, ըստ Արմեն Պողոսյանի, ընտանիքը սնունդի վրա ծախսում է իր եկամուտների 25 տոկոսը: Ընդ որում նախկինում դա եղել է 30 տոկոս: Եվրոպայում եւ Ճապոնիայում այսպիսի ընտանիքները համարվում են աղքատ եւ նրանց համար գործում են սոցիալական օգնության ծրագրեր. «Իսկ ավելի առաջավոր, էն ամենաբարեկեցիկը 18,5 տոկոս է»: Հայաստանում ընտանիքը եւս 20-25 տոկոս ծախսում է հանրային կարիքների՝ գազի եւ այլ ծախսերի համար: Ինչպես ասում են՝ այլ կարիքների համար տակը ոչինչ չի մնում: Հայաստանցին մոռանում է կոշիկ, գիրք գնելու կամ թատրոն հաճախելու մասին. «Ստացվում է, որ մարդը ծնվել է նրա համար, որ կոշիկ սպառի կամ պոմիդոր: Բայց հոգեւոր կյանքի համար է ծնվել մարդը»: Հայաստանում գնաճ միշտ է լինելու, բայց դա խնդիր չէ, եկամուտները պետք է աճեն: Արեւմուտքում եկամուտները միշտ ավելի արագ են աճում, քան գները: Ստացվում է, որ այնտեղ գներն իջնում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը միս սպառող մարդկանց կասի, թե, օրինակ որտեղից գնել ամենաէժան խոզի միսը. «Դավիթ Բեկն ա՝ Զանգեզուրի ու Ղարաբաղի արանքը, ամենաէժան խոզի միսն ա արտադրում։ Գալի ու մեքենաներով խոզի միս են տանում, խոզն ինչո՞վ ա լավ՝ ոչ սառնարան է պետք, ոչ բան ա պետք»: Պարոն Ադիբեկյանը կարող է մխիթարել հայ աղքատներին՝ միայն նրանք չեն աղքատ: Եվրամիությունում աղքատների թիվը հասել է 25 տոկոսի: Աղքատության ցուցանիշներով Հայաստանի դիրքերն աշխարհում իհարկե լավ չեն. «Մեր տվյալներով՝ աղքատության շեմին գտնվում է բնակչության 45 տոկոսը։ Երբ որ մենք գնահատում էինք դպրոցականների աջակցության ծրագիրը, պարզվեց, որ դպրոցների չայցելության պատճառներից մեկը, որ երեխան կոշիկ չունի, էդ էլ ձմեռը»: Սոցիոլոգի ուսումնասիրությունները միայն հաստատում են Արմեն Պողոսյանի տվյալները՝ մենք մեր եկամուտների մեծ մասը ծախսում ենք սննդի վրա, ընդ որում, ծախսողների մեջ մոտ մեկ միլիոնի եկամուտի միակ աղբյուրը նպաստն է. «Դա գործազուրկներն են, դա հաշմանդամներն են, դա թոշակառուներն են, դա միայնակ մայրերն են, բազմազավակ մայրերն են»: Ի դեպ, աղքատության ցուցանիշների մասին պարոն Ադիբեկյանի տվյալները չեն համապատասխանում պետության ցուցանիշներին, ըստ որոնց Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 30 տոկոսը: