«Բավարիայի» գլխավոր մարզիչը ուշագրավ խնդրի առջեւ է հայտնվել
Գերմանական «Բիլդ» թերթը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ուշագրավ խնդրի առջեւ է հայտնվել: Պարզվում է, որ նրա սիրելի շունը՝ Կանդո անունով գերմանական հովվաշունը, ոչ մի ուտելիք չի ընդունում, երբ նա տանը չի լինում: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Գերմանիայի առաջնության «Բավարիա» - «Ֆրայբուրգ» հանդիպումից առաջ 72-ամյա մասնագետը երկու օրով բացակայել է տնից, եւ այդ ընթացքում նրա հավատարիմ բարեկամը հրաժարվել է բոլոր տեսակի կերակուրներից: Յուպ Հայնկեսը հատուկ տեսահոլովակ է պատրաստել, որպեսզի իր բացակայության ժամանակ այդ եղանակով Կոնդոյին հիշեցնի իր ներկայության մասին: Ինչպես նշում է թերթը, առաջին անգամ այն ցուցադրելիս Կանդոն բոլորովին չի արձագանքել, իսկ ահա մարզչի Ներո անունով կատուն ակտիվություն է դրսեւորել՝ լսելով իր տիրոջ ձայնը: «Բավարիան» այժմ պատրաստվում է չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Մյունխենում: