Փողերի լվացում, մաքրում, փոխանցում՝ Սամվել Բաբայանի գործով (տեսանյութ)
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր փողերի լվացման մեջ մեղադրվող 4 ամբաստանյալները՝ Ժորա Զաքարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Կարեն Քոչարյանը եւ Դավիթ Հարությունյանը հրաժարվեցին ցուցմունք տալ: Ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը նույնիսկ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չցանկացավ հայտնել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հարցրեց. «Պնդո՞ւմ եք ձեր նախաքննական ցուցմունքները, հիմա դատարանում ցուցմունք տալու ցանկություն չունե՞ք, իսկ հարցերին պատասխանելո՞ւ»: Մեղադրողը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Ժորա Զաքարյանին Անդրանիկ Քոչարյանը տրամադրել էր մեկ 20 եվրոյանոց թղթադրամ՝ վրայի կարմիր բծերը վերացնելու համար, սակայն չէր ստացվել: Այնուհետեւ տրամադրվել է երկու հատ 20 եւ մեկ 50 եվրո արժողությամբ թղթադրամ: Սակայն դրանք ցանկացել է այլ նյութով մշակել եւ գումար է խնդրել: Դատավորը ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքները. «Տեղյակ չեմ, թե ինչպես էին օգտագործվելու իմ կողմից մաքրված թղթադրամները Անդրանիկն ասել էր, որ ներկված թղթադրամները իրեն է տվել Կարենը, Անդրանիկի եղբայրը: Ես նրա հետ մոտիկ չեմ, սակայն գիտեմ, որ ուրիշ անձի համար էր տվել մաքրելու: Ես չեմ իմացել, որ նշված թղթադրամները պատկանում են Սամվել Բաբայանին»,- ասել էր Ժորա Զաքարյանը: Անդրանիկ Քոչարյանն էլ, ըստ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի, իրեն մասնակի է մեղավոր ճանաչում: Նա նշել էր, որ թղթադրամներն իրեն տրամադրել է եղբայրը: Անդրանիկ Քոչարյանի եղբայր Կարեն Քոչարյանն էլ նախաքննության ընթացքում ասել էր, որ եվրոները իրեն տրամադրել է Սամվել Բաբայանը: Ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանն էլ իր կապերն էր օգտագործել, որպեսզի ՌԴ-ից, ըստ նախաքննական մարմնի, կեղծ 5000 եվրո գումարը փոխանցվի Հայաստան: Ըստ նախաքննական ցուցմունքի՝ նա գումարը ստացել է, սակայն չի կարողացել փոխանցել Կարեն Քոչարյանին: ԱԱԾ աշխատակիցները նրան բերման են ենթարկել: Դատական հաջորդ նիստին արդեն ցուցմունքներ կտան Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: