Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քո հովանավորները թաքնվելու կարիք ունեն. Աշոտ Սուքիասյանը՝ Փայլակ Հայրապետյանին

Քաղաքականություն
ashot-suqiasyan-1

Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը կալանավայրից նամակ է ուղարկել խմբագրություն՝ կապված գերմանուհի Անյա Կուլինոյի այն հայտարարության հետ, թե ինքը եւս տուժել է Աշոտ Սուքիասյանի գործողություններից։ Հարգելի «Ա1+» խմբագրություն, 2017թ.-ի հոկտեմբերի 4-ին Ձեր լրատվականով ցուցադրվեց մի տեսանյութ «խաբված գերմանուհու մասին», որն ակնհայտ խեղաթյուրել է իրականությունը: Քանի որ տևական ժամանակ ես զրկված էի լրագրողներին հարցազրույց տալու իրավունքից, և մամուլը հեղեղված էր իրականությանը չհամապատասխանող միակողմանի հարցազրույցներով, ես որոշեցի գրել Ձեզ իրականությունը այդ գործի հետ կապված և խնդրել հրապարակել այն: Տեսանյութի հերոսուհին ներկայացել է որպես խաբված ու մոլորված, որին ես խաբել եմ և «գցել» նրա փողերը: Նախ որտեղի՞ց էր այդ գերմանուհի կինը, ով իր ամուսնու հետ եկել, գտել էր ինձ և իմ բիզնեսում ներդրել 100 հազար եվրո: Ծիծաղելի է. չգիտես որտեղից հայտնվում է մի անծանոթ օտարերկրացի և մեծ գումար «ներդնում» անծանոթ մարդու բիզնեսում, երեք տարի լուռ սպասում իր ներդրման արդյունքներին և հետո սկսում աղմկել, որ իրեն խաբել են: Ներկայացնեմ իրականությունը: Գերմանուհի Անյա Կոլինոն ամենևին էլ գերմանուհի չէ, այլ Փայլակ Հայրապետյանի ծանոթուհի Անոն է, որին Փայլակն օգնել է մեկնել Գերմանիա: Այնտեղ Անոն զագսավորվել է Գյունթեր Կոլինոյի հետ:  Ծանոթ լինելով իմ աշխատակիցներից մեկի հետ, նա որոշում է զարդեր գնել իմ ընկերությունից և դրանք վաճառել Գերմանիայում: Զարդերի վերավաճառքի մի քանի անհաջող փորձից հետո Անոն ամուսնու կողմից իմ ընկերությանը որպես կանխավճար փոխանցած գումարը խնդրում է վերաձևակերպել որպես փոխառություն, այսինքն՝ տոկոսով տրված գումար: Ամուսնուն ասելով, որ պետք է սպասել մինչև իր ուզած զարդերի պատրաստ լինելը, Անոն կանխիկ իմ ընկերությունից ստանում է այդ գումարի տոկոսները՝ 75000 ԱՄՆ դոլարի չափով: Դա տևում է այնքան ժամանակ, մինչև որ նա Փայլակից տեղեկանում է մեր մեջ ծագած վեճի մասին ու մտածելով, որ այդ վեճի պատճառով ինքը հնարավոր է կորցնի փողերը, սուտ մատնությամբ, Փայլակի հետ համատեղ ցուցմունք է տալիս, որ իբր թե ինքն էլ է Փայլակի նման գումար ներդրել իմ բիզնեսում և ես խաբել ու «գցել» եմ նրան: Որպեսզի սույն իրականությունն էլ հորինված չթվա, պետք է նշեմ, որ Անոն այդ ընթացքում բացի ինձ էլի մի քանի ուրիշ մարդկանց է տոկոսով գումարներ տվել: Արդյունքում Անոյի և նրա ամուսնու կողմից տրված սուտ ցուցմունքներով գործը շրջվեց հենց իրենց դեմ, և նրանց նկատմամբ վաշխառության մեղադրանքով հարուցված քրեական գործը կարճվեց միայն վաղեմության ժամկետը անցած լինելու պատճառով: Ակնհայտ է, որ նա դրանով փորձում է սույն գործը նմանեցնելով Փայլակի այս քրեական գործի հետ, արհեստական տպավորություն ստեղծել, թե Փայլակը միակ մարդը չէ, որը ներդրում է արել իմ բիզնեսում և խնդիրներ ունի իմ հետ: Իրականում նա, շատերի նման, ընդամենը ոսկերչական զարդերի պատվիրատու - գնորդ է եղել, որը ոչ մի կապ չունի իմ բիզնեսների հետ: Անոն մեր գործարան է եկել 2009թ.-ի օգոստոսին, ինչպես և Փայլակը: Անոն, Փայլակի հետ միասին, նույն օրը, 2012թ.-ի օգոստոսի 6-ին բողոք է գրել ոստիկանություն, հիմա էլ նույն Փայլակի հետ ձեռք ձեռքի տված զրպարտում են ինձ: Փայլակի և նրա նպատակը ինձ պախարակելով հասարակության մեջ կարծիք ստեղծելն ու դրանով արդարադատության վրա ճնշում գործադրելն է: Եթե Անոն, տոկոսներ ստանալով հանդերձ, իրեն խաբված էր զգում, ինչո՞ւ ինքը, առանց Փայլակի, մինչ այդ չէր գնում բողոքելու, այդ ինչպես որոշեց, որ պետք է բողոք գրի այնտեղ, որտեղ Փայլակն է գրում և հենց նույնանման բովանդակությամբ: Ակնհայտ է, որ նրան ուղղորդում է Փայլակ Հայրապետյանը:  Ուզում եմ Ձեր միջոցով մի հարց ուղղել Փայլակ Հայրապետյանին: Աֆրիկայում քեզ թվում էր, թե քո հետ իմ դեմ համագործակցողները գործում էին ի օգուտ քեզ: Իրականում նրանք գործում էին ի օգուտ իրենց, քանի որ քեզ օգտագործելով՝ քո ձեռքերով, շարքից փորձում էին հանել ինձ՝ քո վարկի գումարների և սեփական միջոցների օրինական ներդնողին: Եթե օրինականի դեմ թեկուզ անհաջող փորձ արեցին, պատկերացրու, ինչ կանեին քեզ հետ: Քո այստեղի հովանավորները քեզ օգտագործեցին իրենց նպատակների համար, իսկ հիմա իրենք՝ հովանավորները, թաքնվելու կարիք ունեն: