Արթուր Պետրոսյան. «Մեր ֆուտբոլիստները մոտիվացվելու կարիք չունեն» (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 5-ին կանցկացնի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին՝ տնային հանդիպումը, ընդունելով Լեհաստանի ազգային թիմին: Այսօր երկու հավաքականների գլխավոր մարզիչները հանդիպեցին լրագրողների հետ եւ պատասխանեցին բոլոր հարցերին: Առաջինը մամուլի ասուլիս տվեց Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան: «Իմ թիմում պրոֆեսիոնալներ են հանդես գալիս ու պատրաստ են վաղվա խաղին: Ես գոհ եմ մարզումներից, այսօրվա վերջին մարզման ժամանակ մանրուքների վրա ենք ուշադրություն դարձնելու: Հայաստանն ունի բավականին կազմակերպված հավաքական: Լեհաստանում կայացած հանդիպումը բավականին ծանր ստացվեց: Մրցակիցը ունի արագաշարժ հարձակվողներ, որոնք կարող են վտանգավոր լինել հակագրոհների ժամանակ», - ասաց լեհ մասնագետը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կարծում է, որ ֆուտբոլիստներին պետք չէ մոտիվացնել նման խաղերից առաջ: «Մենք այն հավաքականներից չենք, որը շատ հաղթանակներ է տանում: Ամեն մի հաղթանակը մեզ դրական էմոցիաներ է տալիս, ուստի տղաները մոտիվացված են եւ կարիք չկա, որպեսզի մենք նորից մոտիվացնենք իրենց», - նշեց մեր թիմի պատասխանատուն: