«Երկու կողմն էլ չափն անցել էր». հայերի ու վրաց ոստիկանների բախումը սադրա՞նք էր (տեսանյութ)
Ջավախքում հայերի ու վրացի ոստիկանների միջև բախումները սադրանքի արդյունք է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Իմ ունեցած տեղեկություններով, Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներն այդ օրը որոշել էին ոչ թե եկեղեցու բակում խաչքար տեղադրել, այլ այն տեղափոխել եկեղեցու բակ, որ լինի ապահով վայրում»: Ըստ բանախոսի՝ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաչքարի տեղադրումը պետք է լինի հոկտեմբերի վերջին՝ ՏԻՄ ընտրություններից հետո. «Շատ կարևոր է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարն ակտիվ միջամտեց գործին, այցելեց գյուղ, բանակցությունների արդյունքում երկու ձերբակալվածին բաց թողեցին: Բայց այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցված, քննություն է իրականացվում»: Ինչ վերաբերում է սադրանքին, ապա Մելիքյանը չբացառեց, որ դա կապված է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ. «Պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը: Ակտիվ քաղաքական ուժերը մրցում են միմյանց հետ նաեւ Ջավախքում: Երևի թե, այս ամենը կապված է ներքաղաքական գործընթացների հետ: Մենք պետք է իմանանք, որ նման դեպքերն ունենում են արձագանք: Իսկ արձագանք ապահովում է երրորդ կողմը՝ այս պարագայում ադրբեջանական ու ադրբեջանամետ մամուլն էր, որը հայերին ներկայացրեց որպես ագրեսիվ սեպարատիստ, իսկ տեղի ունեցածը՝ հայ-վրացական բախում: Տեղի ունեցածն ընդամենը միջադեպ էր: Երկու կողմն էլ չափն անցել էր»,-ասաց Մելիքյանը: Մելիքյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հարցը կարգավորված է: