«Շիմպանզե համակարգը չդարձնենք մակակի» (տեսանյութ)
ԱԺ հերթական նիստին այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվեց «Երեւանի ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հարցի քննարկման ժամանակ նախորդ անգամ կառավարության ներկայացուցիչը խոստացավ պահպանել դրույթը, ըստ որի` ավագանու անդամն իրավասություն կունենան հանրաքվե անցկացնելու մասին առաջարկությամբ հանդես գալ. «Սակայն հիմնական զեկուցողը այս անգամ մոռացավ այդ մասին, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների այդ առաջարկը մերժվել էր։ Մենք իբր փորձում ենք ամեն ինչ համապատասխանեցնել Սահմանադրությանը, մնացած դեպքերում բազմաթիվ կարեւոր կետեր սղացնում ենք։ Մենք քվեարկելու ենք դեմ»: https://youtu.be/a9U4ADIpaI4 Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց` ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան այն վերացնում ենք, ինչպես օրինակ եղավ այս գործիքի հետ, որ ուներ ընդդիմությունը, վերցնում ենք. «Ինչո՞ւ եք այդ բոլոր գործիքները հավաքում ընդդիմությունից, ո՞րն է պատճառը` բոլորից բոլոր իրավունքները վերցնել։ Սահմանադրական փոփոխություններ արեցինք, ու ՀՀ-ն դարձրինք ժողովրդավար երկիր, բայց, հո ասելո՞վ չի։ Գիտեք` օրանգուտանի ու մարդու տարբերությունը երկու տոկոս է։ Շիմպանզե համակարգը չդարձնենք մակակի»։ https://youtu.be/feOgC1nxxM4 ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, շարունակելով թեման, նշեց` քանի որ չի տիրապետում կենդանական աշխարհին, կխոսի բուն օրենքից` կենդանական աշխարհի թեման թողնելով քաջատեղյակներին. «Ամեն տիպի կապիկներ լինում են ամենուրեք, կարեւորը մեր սեփական գնահատականն է։ Հավատացեք` այս օրենքում կապիկություն չկա»։ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ի պատասխան Մարգարիտ Եսայանի, ասաց. «Դուք հանգիստ կարող եք կապիկների մասին խոսել, ինչպես օրենքից եք խոսում, որեւէ տարբերություն չկա»։ https://youtu.be/kMsSlHYPmA0 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ընդդիմադիրներին` եթե ձեր ավագանու անդամը ցանկանում է հանրաքվեի մասին առաջարկով հանդես գալ, թող դաշնակիցներ գտնի, ապահովի ավագանու 1/3-ը ու անցկացնի իր առաջարկը։ https://youtu.be/4-L86UZG-iw