Փակ փողոցներ, գործադուլ. Կատալոնիան խնդրում է ԵՄ աջակցությունը
Կատալոնացիների 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախացմանը կիրակի կազմակերպված տեղական հանրաքվեում։ Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում հանրաքվեն, իսկ ոստիկանությունը Մադրիդի իշխանությունների հրամանով ամեն կերպ փորձել է խոչընդոտել՝ ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ։
Այսօր Համալսարանական(Universidades) հրապարակում սպասվում են ցույցեր։ Իսկ վաղը համակատալոնյան գործադուլ է նախատեսվում, չի աշխատի նաև տրանսպորտը, շատ փողոցներ արդեն իսկ փակ են։
Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց մեր գործընկեր Ռուզան Արշակյանը՝ հենց Բարսելոնի կենտրոնական Ռամբլա պողոտայից։ Վաղ առավոտից այստեղ են արդեն լրագրողները։
Ըստ տեղական լուրերի՝ Կատալոնիան խնդրում է Եվրամիության աջակցությունը, իսկ վերջինս, թեև հարգում է ազգերի ինքնորոշումը, սակայն ամեն ինչ պետք է համաձայնեցնի իսպանական իշխանությունների հետ։
Մի խոսքով՝ խմորը շատ ջուր կքաշի։
Կատալոնիայում անկախության հանարաքվեն օրինական է, հայտարարել է Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Ավստրիայից պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը. «Սկզբունքորեն հանրաքվեն օրինական է, բայց ինչպես ցույց է տվել Շոտլանդիայի օրինակը, այն պետք է իրականացվի Մադրիդի համաձայնությամբ»: