Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է
Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին այսօր ձերբակալվել է Մոսկվայում։ Տեղական ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նավալնին ձերբակալվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու կոչերի համար։ Նա ձերբակալվել է Մոսկվայի իր բնակարանի շքամուտքում և տեղափոխվել ոստիկանության «Դանիլովսկի» բաժին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր մասնակցել Նիժնի Նովգորոդում նախատեսված այսօրվա հանրահավաքին։ Նավալնին, որն այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում, Թվիթերի իր էջում մեկնաբանել է իր ձերբակալման փաստը. «Սա, իհարկե, նոր էտապ է։ Հիմա ինձ ձերբակալում են արտոնված հանրահավաքին մասնակցելու համար»։ Ընդդիմադիր գործիչը հայտնում է նաև, որ ոստիկանները դեռ իրեն չեն ասել, թե ինչու են ձերբակալել և ինչի մեջ են մեղադրում։ Ալեքսեյ Նավալնին նաև հայտնում է. «Երբեք չարտոնված հանրահավաքի մասնակցելու կոչ չեմ արել»։