Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. Շեքսպիրյան վերջաբան «Միլան» - «Ռիեկա» խաղում

Սպորտ
a1evroliga

Երեկ կայացան Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները: Այն, բնականաբար, զերծ չմնաց անակնկալներից: Նախ ուկրաինական «Զարյան»  հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց իսպանական «Աթլետիկին», որը մինչ այդ եվրոգավաթներում 6 անընդմեջ հաղթանակ էր տոնել սեփական դաշտում: Այնուհետեւ իր մասին հիշեցնել տվեց մրցաշարի նորեկ, շվեդական «Էստերսունդը», որն իր հարկի տակ պարտության մատնեց գերմանական Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Հերտային»՝ 1:0: Այս տուրում իսկական քամբեք արեց Կիեւի «Դինամոն»: Բելգրադի «Պարտիզանի» հետ արտագնա խաղում դինամոյականները առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0:2 հաշվով, սակայն երկրորդում բեկում մտցրին խաղի մեջ եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 3:2: Կամային բարձր հատկանիշներ դրսեւորեց նաեւ Կիպրոսի «Ապոլոնը», որը Լիվերպուլում ուժերը չափեց տեղի «Էվերտոնի» հետ: Հյուրերը խաղավերջում չնայած մնացել էին 10 հոգով եւ պարտվում էին մեկ գնդակի տարբերությամբ, սակայն կարողացան ուժեր գտնել իրենց մեջ եւ հավասարեցնել հաշիվը՝ 2:2: Շեքսպիրյան վերջաբան գրանցվեց «Միլան» - «Ռիեկա» խաղում: Խորվաթ ֆուտբոլիստները ընթացքում պարտվելով 0:2 հաշվով, հանդիպման 90-րդ րոպեին վերականգնեցին հավասարակշռությունը, սակայն չկարողացան պահպանել այն, քանի որ ավելացված ժամանակի 4-րդ րոպեին միլանցիները երրորդ գոլը խփեցին եւ ի վերջո հաղթանակ կորզեցին՝ 3:2: Երկու խոսք «Վարդարի» մասին, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Համբարձումյանը եւ Տիգրան Բարսեղյանը: Մակեդոնիայի չեմպիոնն այս տուրում հյուրընկալվեց Նորվեգիայի չեմպիոն «Ռուսենբորգին»: Տանտերերի խփած երեք գոլերին հյուրերը խաղի վերջին րոպեին պատասխանեցին միայն հեղինակության գնդակով՝ 3:1: Մեր ֆուտբոլիստները խաղը սկսեցին մեկնարկային կազմում, սակայն հետո փոխարինվեցին: