Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
c8adf92c5885b51d9ebc62d82cd87818

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները: Օգոստոսին «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ՝

  • Ուիլիամ Քրուզ-Մորեյ (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու
  • Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում
  • Լոուրեն Նիկոլ (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:
Ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում և դասակարգում: Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում (քիմիական վտանգավոր նյութերի պահպանման, վերամշակման և ոչնչացման արդիական տարբերակներ)՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով:   Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակին և միջազգային փորձագետներին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԱԻՆ առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում վստահեցրեց, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և առաքելության ավարտից հետո ևս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար: Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում և Ժնևում, UN OCHA) և լուրջ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար: ԱԻՆ