Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պետք է ձգտի անել այնպես, որ Սփյուռքը վստահի իրեն»

Քաղաքականություն
sargis

Պետական այրերը կոչ են անում հայրենադարձության, բայց արդյո՞ք հայրենադարձը վստահ է, որ  ամեն ինչ լավ կլինի. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ, հայ կաթողիկե պատրիարքարանի տեղեկատվական գրասենյակի տնօրեն, «Մասիս» շաբաթաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանը: «Աշխարհի բոլոր երկրներում  էլ օրինախախտ դեպքեր կան, բայց տեղի ժողովուրդը չի փախնում երկրից, որովհետեւ գիտի, որ դուրս կգա փողոց ու ցույց կանի, եւ նրանք գիտեն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ Հայաստանում այդ հավասարությունը չկա»: Հարցին, թե արդյո՞ք Սփյուռքը վստահեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում հնչեցված հայեցակարգերին, Սարգիս Նաջարյանը պատասխանեց՝ իհարկե, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, բայց պետք է վստահ լինել, որ մեր նպատակները կիրականանան. «Փոխադարձ վստահությունը միասնականության ու մեր իղձերի իրականացման նախապայմանն է։ Համաժողովի մթնոլորտն, ընդհանուր առմամբ, միասնական էր։ Այդ միտումն, իսկապես, զգալի էր։ Բայց թե ինչ արդյունք կունենանք առաջիկայում, դա դեռ առաջիկա տարիները ցույց կտան»: Սարգիս Նաջարյանը շեշտեց՝ որոշ սփյուռքահայեր Հայաստանի հետ կապված՝ անվստահություն ունեն ինչ-ինչ հարցերում, բայց դրա պատճառն այն չէ, որ իրենք են այդպես ուզում, իրավիճակն է ստիպել, ուստի Հայաստանը պետք է ձգտի անել այնպես, որ Սփյուռքը վստահի իրեն։ «Խոսքերով մեկը մյուսին չի կարող վստահել։ Դա գործով պետք է ցույց տալ։ Անվստահություն կա գործելաոճի հետ կապված։ Հայաստանի հետ կապված՝ անվստահություն ունեն հատկապես սփյուռքահայ գործարարները, բայց դա, կարծում եմ՝ կարելի է հաղթահարել։ Մենք պետք է  հասնենք փոխվստահության», – եզրափակեց բանախոսը։