Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներդրումների փոխարեն` կապիտալի արտահոսք

Կարևոր լուրեր Տնտեսություն
investment

Օրերս, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում ներդրումային ակտիվության մակարդակը բնութագրող մի շարք վիճակագրական տվյալներ: Գաղտնիք չէ, որ իր թիրախավորած ցուցանիշներին հասնելու համար ՀՀ ներկայիս Կառավարությունը  ընդգծված կարևորություն է տալիս ՀՀ ներդրումային միջավայրը աշխուժացնելու և ինտենսիվ կերպով օտարերկրյա կապիտալ միջոցներ ներգրավելու խնդրին: ՀՀ տնտեսության մեջ մեծածավալ ներդրումների ներգրավումը նաև հանդիսանում էր Կառավարության հիմնական նախընտրական խոստումներից մեկը, ուստի հետաքրքրական է ուսումնասիրել, թե նշյալ ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ներհոսքը դեպի ՀՀ ինչպիսի ծավալային և կառուցվածքային պատկեր ունի: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի դինամիկան Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը (օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունը) կազմել է -24.8 մլրդ դրամ, ինչը մոտ 65%-ով պակաս է 2016թ. գրանցված ցուցանիշից և գրեթե 130%-ով զիջում է 2015թ.-ի համադրելի ցուցանիշին: Վերջինս նշանակում է, որ 2017թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների գծով մարումները գերազանցել են ստացումները, ինչը բավականին անհանգստացնող ցուցանիշ է Հայաստանի նման կապիտալ հոսքերի պակասորդ ունեցող երկրի համար: Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալին, ապա 2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում այն կազմել է 17.3 մլրդ դրամ, ինչը 2016թ. համադրելի ցուցանիշի համեմատությամբ պակաս է մոտ 1.2 մլրդ դրամով կամ մոտ 7%-ով, իսկ ահա 2015թ. գրանցված արդյունքից պակաս է շուրջ 13.4 մլրդ դրամով կամ 44 տոկոսային կետով: 2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի առյուծի բաժինը՝ 31.6 մլրդ դրամ, ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Զուգահեռաբար, խոշոր ներդրումներ են կատարվել նաև  անշարժ գույքի միջոցով գործառնությունների (3.8 մլրդ դրամ) և  հիմնային մետաղների արտադրության ոլորտներում  (3.7 մլրդ դրամ): Դրան հակառակ՝ նախորդ տարվա համեմատությամբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ներդրումային հոսքերի կտրուկ անկում է գրանցվել հեռահաղորդակցության (-17.9 միլիարդ դրամ) և խմիչքների արտադրության (-9.5 միլիարդ դրամ) ոլորտներում: Օտարերկրյա ներդրումների աշխարհագրական կառուցվածքը Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալային փոփոխություններին զուգահեռ փոփոխվել է նաև մուտքագրվող ներդրումային միջոցների աշխարհագրական կառուցվածքը: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների խոշորագույն աղբյուր է հանդիսացել Ջերսի կղզին, որտեղից կապիտալ ռեսուրսների ներհոսքը կազմել է մոտ 31.6 մլրդ դրամ: Ջերսի կղզին աշխարհի ամենահայտնի օֆշորային գոտիներից մեկն է, և ուշագրավն այն է, որ այս միջոցներն ամբողջությամբ ուղղվել են դեպի միայն մեկ՝ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտ: Ընդ որում, ներդրումների զուտ ներհոսքի ծավալներով Ջերսիին հաջորդող երկու երկրները՝ Լյուքսեմբուրգը (2.4 մլրդ դրամ) և Կիպրոսը (1.8 մլրդ դրամ), ևս հանդիսանում են խոշոր օֆշորային գոտիներ: Մյուս կողմից, ընթացիկ տարում կտրուկ անկում է ապրել ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը Միացյալ Թագավարությունից՝ 14.3 մլրդ դրամից հասնելով 1.7 մլրդ դրամի (88% անկում): Զուգահեռաբար, մոտ 12.8 մլրդ դրամով կրճատվել է ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը Լիբանանից, ինչպես նաև 6.1 մլրդ դրամով կրճատվել է ներդրումների ներհոսքը Ֆրանսիայից: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ ներդրումների դինամիկային, ապա պետք է նշել, որ ընթացիկ տարում այն շարունակել է ցուցաբերել բացասական միտումներ: Ինչպես նախկինում, ընթացիկ տարում ևս Հայաստանը չի ձևավորել ներդրումային հարաբերություններ ԵԱՏՄ անդամ երկու երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ, չնայած այն հանգամանքին, որ այդ երկների հետ Հայաստանը գտնվում է միևնույն տնտեսական միության կազմում: Ընթացիկ տարում որոշակի ակտիվություն նկատվում է միայն Բելառուսի հետ հարաբերություններում, որտեղից ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը հասել է  118.7 միլիոն դրամի, որն ամբողջությամբ ուղղվել է մեծածախ առևտրի ոլորտ: Ընթացիկ տարում շարունակել է կրճատվել նաև ներդրումների զուտ ներհոսքի ծավալը Ռուսաստանի Դաշնությունից: Այսպես, մինչ Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցությունը՝ 2014թ. առաջին կիսամյակում, Ռուսաստանից կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 36 մլրդ. դրամ՝ կազմելով ընդհանուր ուղղակի ներդրումների 48.5%-ը:    graph_arm (1)   Ինչպես երևում է գծապատկերից, 2015թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը տասնապատիկ անկում է ապրել մինչև 3 մլրդ. դրամ՝ կազմելով ընդհանուր ներդրումների ընդամենը 11.2%-ը: Անկումը շարունակվել է նաև 2016թ.-ին, երբ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են -5.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ ռուսական ներդրումների գծով մարումները (արտահոսքը) գերազանցել են ստացումները (ներհոսքը): Ընթացիկ տարում այս միտումներն էլ ավելի են խորացել, ինչի արդյունքում ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է լրացուցիչ 6.6 մլրդ դրամով՝ վերջնական արդյունքում հասնելով -12.3 մլրդ դրամի մակարդակին:   Անդրանիկ Մանուկյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»