«ՓՇՈՏ» ՃԱՆԱՊԱՐՀ
Աջակցիր «Ա1+»-ինԱմեն օր Փոքր Այրումի դպրոցականները եւ ուսուցիչները ստիպված են լինում կտրել երկար ճանապարհ` դպրոց հասնելու համար: Խնդիրն այն է, որ Մեծ եւ Փոքր Այրումները «մեկ» գյուղ են համարվում, քանի որ ունեն մեկ գյուղապետ, ընդհանուր դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, եւ դրանք գտնվում են Մեծ Այրումում: Իսկ դրանց միջեւ եղած հեռավորությունը 3 կիլոմետր է:
Գյուղի ամենամեծ խնդիրը տրանսպորտի բացակայությունն է: Կա ընդամենը մեկ երթուղային գիծ՝ Ալավերդի-Ճոճկան, որը անցնում է Փոքր Այրումով, բայց առավոտյան ավտոբուսը Ճոճկան-Մեծ Այրում-Փոքր Այրում ճանապարհով է անցնում: Այս իրավիճակն առկա է արդեն 5-6 տարի:
Խնդիրը հաճախ է բարձրացվել հիմնականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: 2006 թվականի ընտրություններն այս առումով բացառություն չէին: Քարոզարշավը հարուստ էր խոստումներով, իսկ գյուղապետ ընտրված Պապիկ Առուշանյանը խոստացավ լուծել խնդիրը հնարավորինս շուտ:
Խնդիրը գյուղապետը կարողացել է լուծել` համաձայնության գալով երթուղային գծի մեկ վարորդի հետ: Գյուղապետարանի կողմից հատկացվող 30 հազար դրամի դիմաց վարորդը Փոքր Այրումի աշակերտներին եւ ուսուցիչներին երթուղային տաքսիով հասցնում է դպրոց, բայց դպրոցից վերադառնալու խնդիրը դպրոցականները նորից լուծում են ինքնուրույն: