Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվեց Մհեր Ենոքյանի մասին ֆիլմը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
b2995bc52fd0807666c6bef65cce8773

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի մասին հասարակական միֆերին պատասխան է տրվում Հելսինկյան կոմիտեի «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով» տեսաֆիլմում։ Մհեր Ենոքյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը մանրամասնում է. «Մասնավորապես այն հանգամանքը, որ տուժողի դին մասնատված է եղել։ Քրեական գործի ուսումնասիրությունից, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննությունից, կից ներկայացված լուսանկարներից ակնհայտ  է դառնում, որ դին մասնատված չի եղել»։ Փաստաբանը մեկ այլ միֆ է բերում, որի մասին ֆիլմում խոսվում է։ Չնայած որ դատական ակտով հաստատված է եղել՝ հայտնաբերված արյունը պատկանում է տուժողին, բայց փորձաքննության եզրակացությամբ գրված է, որ արյան քանակը այնքան քիչ է, որ հնարավոր չէ պարզել՝ ում է պատկանում։  «Ուղղակիորեն հակասություն, որ դատական ակտում նշվել է, բայց արտացոլված չէր հիմքը»,- մեկնաբանում է փաստաբանը։ Արդեն 21 տարի անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանը մեղադրվել է սպանության համար։ Փաստաբանի համոզմամբ՝ նշանակվել է ակնհայտ անհամապատասխան պատիժ և այն վերացնելու համար դատարան վճռաբեկ բողոք կներկայացվի։ 4-րդ անգամ դատարան դիմելու համար հիմքեր կան։  «Դատարանը որևէ անդրադարձ չի կատարել Մհեր Ենոքյանի անձը բնութագրող հատկանիշներին, բացի այդ, որևէ փաստ, որևէ ապացույց, որ դանակի հարվածները կատարվել է Մհեր Ենոքյանի կողմից առկա չէ»,- ասում է Մհեր Ենոքյանի փաստաբանը։ «Մահապատժի դատավճիռ՝ մեկ ցուցմունքով» Ֆիմի դիտմանը մասնակցում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նրա խոսքով՝ Մհեր Ենոքյանը պետք է վաղուց ազատության մեջ լիներ։ Բանտում լավ վարք է դրսևորել՝ ուրիշների համար եղել օրինակելի դատապարտյալ. «Քաղաքական որոշում կա, որ ցմահ ազատազրկվածներից որևէ մեկը չպետք է վաղաժամկետ ազատ արձակվի։ Իրավապաշտպանը կասկածներ ունի, որ ցմահների նկատմամբ պետության անտարբեր վերաբերմունքը կապ ունի հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկվածների գործոնի հետ։ Եթե որևէ ցմահ ազատազրկված ազատ արձակվի, Նաիրի Հունանյանն ու հանցակիցները ևս ազատություն կպահանջեն։ Իրավապաշտպանը մեկնաբանում է. «Սա որևէ քննություն չի բռնում։ Եթե մենք խոսում ենք վաղաժամկետ ազատման մասին, դա չի նշանակում, որ անխտիր բոլորը պետք է  վաղաժամկետ ազատ արձակվեն։ Եթե հոկտեմբերի 27-ի պատճառով են այդպես վարվում, ուրեմն իշխանությունները լավ չեն գիտակցում ինչ է արդարադատությունը, կամ վախենում են քաղաքական շահարկումներից»։ Ո՞ր դեպքում դատաիրավական համակարգը վեր կկանգնի քաղաքական հիմնավորումներից ու արդար վճիռներ կկայացնի։ Իրավապաշտպանն այդ օրը հեռու է համարում։