«Շփման գծում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել» (տեսանյութ)
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, էսկալացիան սպասելի էր. կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ սպասելի էր նաեւ, որ ադրբեջանցիները պետք է կրակեին՝ առաջին անգամ չէ, որ այդ երկիրը վտանգում է խաղաղ բնակչությանը. «Բոլոր միջազգային խոշոր հանդիպումներից առաջ Ադրբեջանը նման քայլերի է դիմում, հիմա էլ բացառություն չէ: Ամեն ինչ պարզելու մի տարբերակ կա, սակայն այդ երկիրը չի համաձայնում միջադեպերի հետաքննությանը, քանի որ միանգամից կպարզի, որ ինքն է նախահարձակ եղել»: Սակայն այս գործողությունները, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի պատերազմի նախապատրաստություն չեն. «Պատերազմի նախապատրաստությունն այսպես չի լինում: Երբ նախապատրաստվում են պատերազմի, լռություն են պահպանում, իսկ եթե նմանօրինակ միջադեպերը միայն ներքաղաքական սպառման համար են, ապա ամեն ինչ ճիշտ է արված: Սպանված երեխայի լուսանկարը ցուցադրելը պատերազմական գործողությունների ժամանակ, շատ տարածված է աշխարհում, այն շատ լավ է աշխատում, բոլորը ցնցվում են, իսկ իրականությունը շատ քչերն են իմանում»,- ասաց քաղաքագետը: Անդրադարձավ G20-ի գագաթնաժողովին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի Սիրիական հարցին, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, բայց ոչ՝ Ղարաբաղա-ադբեջանական հիմնահարցին. «Հնարավոր է, որ հնչեցվի Արցախ բառը, բայց ասել թե նրանք կնստեն, կքննարկեն, ամբողջ գիշեր չեն քնի, կարմիր աչքերով ինչ-որ բան կորոշեն, ես չեմ կարծում»: