«Ադրբեջանին կարող են կանգնեցնել միայն դիպուկ ու կետային հարվածները» (տեսանյութ)
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը զարմանալի չէ։ Հրաժարվելով բանակցություններից՝ Ադրբեջանն Արցախի հարցում սկսել է նախապայմաններ առաջադրել, մասնավորապես՝ ազատել իբր իրեն պատկանող 7 շրջանները, հետո միայն վերսկսել բանակցությունները։ «Ադրբեջանը հասկանում է՝ մենք չենք համաձայնվում, և հրադադարը խախտում է»,- մեկնաբանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է, ու պատերազմի որոշումը հեշտությամբ կարող է կայացվել։ Դա այն բանի հետևանքն է, որ Ալիևի ռեժիմն արհամարհում է պատերազմին ընդդիմացող սեփական քաղաքացիներին։ «Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն դիպուկ կետային հարվածները։ Ադրբեջանում գրեթե բոլոր հայտնի ու խելոք մարդկանց կամ վտարել են կամ բանտում են նստած, հասարակության ձայնը չի լսվում, դա է պատճառը, որ իշխանությունն անվերահսկելի է»,- ասում է քաղաքագետը։ Միջադեպից հետո կրակը դադարեցնելու կոչով է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասվում է հայտարարության մեջ: Քաղաքագետի գնահատմամբ՝ Արցախի խնդրով բանակցություններին վերադառնալու կողմ է նաև Հայաստանը։ «Մենք պետք է ամեն պահի պատրաստ լինենք, բայց չեմ հավատում,որ Ադրբեջանը պատերազմի կգնա։ Ադրբեջանը եթե գնա պատերազմի, ինքը չգիտի՝ ոնց կարձագանքի Ռուսաստանը, կամ Թրամփը»։ Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ միան պետք է հասցեական հայտարարություններ անեն՝ ի ցույց դնելով ագրեսոր Ադրբեջանին, այլև սկսեն դատապարտել այդ պետության քայլերը շփման գծում։