Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեք հայ մնանք, իրար վրա գործ չտանք. ՀՅԴ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
QvymzuACie0

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին ներկայացվեց Կոռուպցիայի կանխարգելման մասին հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ որ Անդրանիկ Կարապետյանը։ «Խնդրեմ համեցեք ամբիոնի մոտ, պարոն Կարապետյան։ Այսօր Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթն է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ՀՅԴ պատգամավորն իր ելույթը սկսեց` գովեստի խոսքեր ուղղելով ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին, որը ներկայացրել էր նախագիծը։ Իր ելույթում նա հայտարարեց, որ անընդունելի է անանուն հաղորդագրության` ազդարարի ինստիտուտը. «Մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի խնդիր ունենք, եկեք հայ մնանք, իրար վրա գործ չտանք, վաղն իրար աչքերի մեջ ենք նայելու։ Եվ, ի վերջո, մենք հայ մնանք»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ելույթի վերջում անդրադարձավ Անդրանիկ Կարապետյանի խոսքերին` ասելով. «Մենք պարտավոր ենք պահպանել մեր ազգային նկարագիրն ու քրիստոնեական արժեքները, բայց հայապահպանման լավագույն տարբերակը քաղաքական գործիչների համար՝ հետևել օրենքներին ու աշխատել ՀՀ սահմանադրության ու ՀՀ օրենսդրության սահմաններում»:  Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք այնպիսի հայտարարագրեր ունեն, որ կարծես որպես բոմժ ներկայանան. «Ինձ համար մեր երկրի թիվ մեկ մարտահրավերը կոռուպցիան է, ու դա հարիր չէ մեր տեսակին։ Մեր խմբակցության առաջարկն է` ընդդիմությունը պետք է իրավունք ունենա ներկայացնելու իր թեկնածուին հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնում։ Մենք կարող ենք գտնել ճիշտ ձեւակերպում, որ առաջադրման փուլում կարողանա ընդդիմությունը մասնակցել»։ Այս նախագիծը ուժի մեջ է մտնելու 2018թ., իսկ հակակոռուպցիոն ​մարմնի անդամներին կընտրի ԱԺ-ն։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր արտահերթ ելույթով կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին։ Ելք դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն իր ելույթում հայտարարեց, թե կարելի է համագործակցել հոգեբանների հետ` հասկանալու` հակակոռուպցիոն մարմնի ստեղծման որ մոդելն է մեզ պետք։ Իսկ դաշինքի մեկ այլ պատգամավոր` Մանե Թանդիլյանն, անդրադառնալով ՀՅԴ պատգամավորի խոսքերին, թե ազդարարի ինստիտուտը «գործ տալ է», նշեց. «Դա ջայլամություն է։ Ընդհակառակը, մենք պետք է խթանենք այս ինստիտուտը, որ յուրաքանչյուր անձ իր բարեխիղճ մասնակցությունն ունենա։ Հենց հայեցի չէ նման կոչով հանդես գալը։ Պետք է օգտագործել այս լծակները. կոռուպցիան պետական դավաճանություն է։ Ազդարարի ինստիտուտը կարող է լինել հակակշռող լծակը։ Իհարկե, դրա ծայրահեղությունը չպետք է թույլ տալ, որ չդառնա մահակ»։