Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե դուք չեք կարողանում գնալ Եվրոպա, ապա Եվրոպան բերեք ձեզ մոտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
sviitalski

Նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կստորագրեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Իսկ մինչ այդ տեխնիկական աշխատանքներ են՝ թարգմանություն 20-ից ավելի լեզուներով, իրավական շտկումներ։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասում է. «Համաձայնագիրը, չլինելով առևտրային ռեժիմի տեսանկյունից արտոնյալ, այնուամենայնիվ, ունի բավական լուրջ ծածկույթ ոլորտային և համագործակցության ձևաչափեր սահմանելու տեսանկյունից։ Առաջիկա տարիների համար այն հանդիսանալու է բավականին լավ իրավական հիմք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար»։ Հայաստանն ու Եվրամիությունը ճիշտ ուղու վրա են։ Հայտարարում է «ԵՄ- Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» խորագրով քննարկմանը մասնակցող եվրոպացի դիվանագետ Պյոտր Սվիտալսկին։ Չնայած 2013-ին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման պայմանագրից՝ նախընտրելով ԵՏՄ-ն, այնուամենայնիվ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանին աջակցելուց։ «Հույս ունենք՝ նոյեմբերին Բրյուսելում ստորագրել համաձայնագիրը։ Եվրամիություն ուզում է քաղհասարակության  ու պետության հետ աշխատանքով աջակցել Հայաստանը բարեփոխելու համար։ Հազիվ թե այստեղ եվրոպական ներդրումներ գան, քանի դեռ դատարանները անկախ չեն և կոռուպցիան իր պատասխանը չի ստացել»- ասում է նա։ Հայաստանցիների ստվար մի հատված հույս ունի, որ այս անգամ Հայաստանը հետ չի կանգնի ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելուց։ ԵՏՄ-ին անդամակցությունը չլուծեց անգամ Հայաստանի անվտանգության հարցը, ինչպես հավաստիացնում էին պաշտոնյաները։ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասում է. «Ապրիլյան պատերազմը եկավ և քանդեց բոլոր այդ հայտարարությունները, որ մենք այլընտրանք չունեինք մենք անվտանգության խնդիր էինք լուծում, մենք այլընտրանք ունեինք, մենք անվտանգության խնդիր չենք լուծել»։ Հայաստանցիները նախանձով են նայում հարևան վրացիներին։ Նրանք արդեն իսկ իրավունք ունեն առանց վիզայի այցելել շենգենյան գոտու երկրներ։ Դեսպան Սվիտալսկիի հավաստիացմամբ՝ Հայաստանին էլ նման արտոնության տրամադրման հարցը Եվրամիության օրակարգից հանված չէ։ Բայց կան հարցեր, որոնք ձգձգում են վիզայի ազատականացման պահը։ «Այդ հարցը մեր օրակարգում է, բայց այնքան էլ մոտակա հեռանկար չի ակնկալվում։ Մենք ակնկալում են, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը վերջապես  կընդունվի։  Դա պետք է 2016 թվականին լիներ, բայց նախատեսվում է այս տարի։ Այս կարգի փոփոխություններ չեն կարող շրջանցվել։ Եթե դուք չեք կարողանում գնալ Եվրոպա, ապա Եվրոպան բերեք ձեզ մոտ»,- ասում է Պյոտր Սվիտալսկին։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկման բանախոսները միակարծիք են մեկ հարցում՝ անգամ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը կարող է և  պետք է զարգանա եվրոպական պետության մոդելով։