Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թույլ չեն տվել նոր տնօրենին մտնել դպրոց

Կարևոր լուրեր Հասարակություն
hatuk-dproc-1

Թիվ 17 հատուկ դպրոցի մանկավարժական կոլեկտիվն այսօր՝ կեսօրին մոտ, փակել է դռներն ու թույլ չի տվել ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին ու դպրոցի նորանշանակ տնօրեն Վերգինե Եսայանին ներս մտնել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դպրոցի հատուկ մանկավարժ Նոյեմ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ այդպիսով ցանկացել են ցույց տալ, որ նորանշանակ տնօրենն անօրինակ էր մուտք գործելու դպրոց. «Սկզբում նրանց հետ հաղորդակցվեցինք պատուհանից, ապա՝ դուրս եկանք: Վարչության պետն ասաց, որ նման իրավասություն չունենք՝ դռները փակելու, որ իրենք պետք է ներս մտնեն: Մենք ասացինք, որ մեր տնօրենի պաշտոնակատարը հիվանդանոցում է ու առանց նրա պատշաճ չէ նոր տնօրեն ներկայացնելը: Վարչության պետն առաջարկեց, որ ուսմասվարը ներկայանա՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ այդ մասին տեղեկանք ներկայացնելով նախարարությանը, որպեսզի իրավասություն ունենա ընդունելու նոր տնօրենին: Մենք հրաժարվեցինք»:   Նշենք, որ դպրոցի կոլեկտիվը պահանջում է  տնօրեն  նշանակել օրենքի տառին համապատասխան. հունվարից 4 մրցույթ է հայտարարվել, բայց չի կայացել՝ կամ ԿԳՆ ներկայացուցիչն է վատառողջ եղել, կամ խորհրդի 8 անդամից 3-ը բացակայել է: Ադյունքում, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նոր տնօրենի նշանակման միանձնյա որոշում է կայացրել: Նոյեմ Խաչատրյանը նաեւ նշեց, որ մինչ վիճում էին վարչության պետի եւ նորանշանակ տնօրենի հետ, Վարչական դատարանից գրություն եկավ, որ իրենց դիմումը վարույթ է ընդունվել: Իսկ հանրակրթության վարչության պետն ու նորանշանակ տնօրենն այսօր հեռացել են դպրոցից՝ մանկավարժներին տեղեկացնելով՝ եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ անգամ իրենք կգան ոստիկանության ուղեկցությամբ: