Ինչու էր Հրանտ Բագրատյանը զանգահարել Փոստանջյանին (տեսանյութ) (տեսանյութ)
Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քաղաքացիների հետ շփվում է նույնիսկ այն ժամերին, երբ այլոք պատրաստվում են քնելու։ Երևանի փողոցներում հանդիպող քաղաքացիներին ընդդիմադիր թեկնածուն անձամբ է քարոզչական նյութեր բաժանում։ Այս ամենը կարելի էր տեսնել թեկնածուի Ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ։ Նրան ուղեկցում են աստվածաբան Վարդան Խաչատրյանը, կուսակից այլ ընկերներ։ Մինչ Զարուհի Փոստանջյանը բուկլետներ էր բաժանում, նրան զանգահարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով հարձուփորձ էր անում Փոստանջյանի ընտրական ծրագրում իր «100 քայլ» աշխատանքի որոշ դրույթների ընդգրկման շուրջ առաջացած քննարկումների մասին․ «Հանրապետականներին ասել եմ, որ լավ եմ արել Հրանտ Բագրատյանի գիտական միտքը օգտագործել եմ իմ տնտեսական ծրագրի կազման ժամանակ»,- Հրանտ Բագրատյանին պատասխանեց Փոստանջյանը։ Նշենք, որ բանավեճերից մեկի ժամանակ ՀՀԿ-ականները Փոստանջյանին մեղադրել էին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրում Հրանտ Բագրատյանի վերոնշյալ աշխատանքից հատվածներ ներառելու մեջ։ Ուղիղ եթերում խոսակցությունից պարզ դարձավ, որ Հրանտ Բագրատյանը հաջողություն է մաղթում Փոստանջյանին քաղաքապետի ընտրությունում։ Վերջինս խոստացավ ավելի ուշ շարունակել խոսակցությունը։ Իսկ երևանցիներին Զարուհի Փոստանջյանը մայիսի 12-ին Ազատության հրապարակ է հրավիրում, որտեղ հանրահավաք-երթ է նախատեսված։ Երգելու է նաև հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը։