Ուղիղ միացում. Ղարաբաղյան կարգավորմանը նվիրված քննարկումներ Վաշինգտոնում (տեսանյութ)
Ավանակին չես կարող ստիպել ջուր խմել, եթե երկու կողմերը չեն ուզում համաձայնության գալ, մենք շատ քիչ բան կարող ենք անել: Կարծում է Ատլանտյան խորհրդում՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման մասնակից, վերլուծաբան Սվանտե Կոռնելը. «Շարունակվում է անհամաչափություն մնալ երկու երկրների միջեւ տնտեսական առումով եւ տարբեր են նաեւ պատմության ներկայացումները: Նրանք նաեւ տարբեր են պատկերացնում ստատուս քվոյի կիրառումը: Ահա սրանք են վիճակի սրման պատճառները»: Քննարկման մասնակից, վերլուծաբան Սթիվեն Բլանկն էլ կարծում է, որ պետք է օգնել կողմերին լուծել իրավիճակը, քանի որ ըստ նրա՝ որքան շարունակվի լարված իրավիճակ, այնքան ավելի հավանական է, որ կորոտա պայթյուն, իսկ դա, ըստ նրա, ոչ մեկի համար լավ չէ. «Ռուսաստանից եւ Իսրայելից միլիարդավոր դոլարների զենք է ձեռք բերում Ադրբեջանը։ Հայաստանը ավելի էժան է գնում զենքերը Ռուսաստանից: Հայաստանը անգամ «Իսկանդեր» տեսակի զենք է գնել, դա շատ վտանգավոր է: ՀՀ իշխանությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ կարող է օգտագործել Իսկանդերը Ադրբեջանի դեմ: Ադրբեջանն էլ արդեն փորձում է հակահրթիռային համակարգ ձեռք բերել: Երբ կողմերը այդպես զինվում են, դա լուրջ վտանգ է իրենից ներկայացնում»,- ասում է նա: Սթիվեն Բլանկը կարծում է, որ հայ- թուրքական հարաբերությունների ոչ բարվոք վիճակն էլ է կապված ղարաբաղյան խնդրի հետ. «Հայաստանը լուրջ տնտեսական վնասներ է կրում՝ Թուրքիայի հետ սահմանները փակ լինելու պատճառով, սա նույնպես ղարաբաղյան հակամարտության չլուծման արդյունք է: Այս ամենը կշարունակվի, մինչեւ խնդիրը չլուծվի։ Ռուսաստանը պետք է լուրջ զբաղվի դրանով, սակայն դեռ ոչինչ չի անում»,- ասում է վերլուծաբանը՝ հավելելով, որ ԱՄՆ նույնպես պետք է քայլեր անի այս հարցում, բայց չշարունակի Բարաք Օբամայի քաղաքականությունը. «Նա ուզում էր հայ- թուրքական հարաբերությունները բարելավել, բայց դա անհնար է՝ առանց Ղարաբաղյան խնդրի լուծման»: Դիտեք այստեղ